Տնտեսագիտական համալսարանն ավարտածը չի ամաչում` ծառերի հատումից է խոսում. Բեգոյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տնօրեն Արմեն Բեգոյանը հայտարարեց, որ բուսաբանությունից հեռու մարդիկ կարծիք են հայտնում ծառերի փոխարինման վերաբերյալ՝ սթրեսի ենթարկելով մյուսներին։
Բեգոյանի խոսքով՝ խնդրի շուրջ ձևավորված քննարկումներում որոշակի դեր ունեն նաև լրատվամիջոցները, որոնք, նրա գնահատմամբ, հաճախ տարածում են մասնագիտական ոլորտի հետ կապ չունեցող մարդկանց տեսակետները։
«Այս առումով ես էլի եմ ասել, կկրկնեմ, որոշակի մեղավորության մաս ունեն հանրային որոշ լրատվականներ, որոնք տիրաժավորում են ոչ մասնագետների խոսույթները, որոնք բուսաբանությունից շատ հեռու են՝ որոշ բլոգերների կամ այլ մարդկանց»,- ասաց նա։
Նրա խոսքով՝ լսող քաղաքացիները հաճախ չեն խորանում՝ խոսողը բուսաբանության ոլորտի մասնագետ է, թե ոչ։
«Մենք հիմա խնդիր ունենք այս մասով։ Այսքան ժամանակ ես չեմ նկատել, որ որևէ բուսաբան խոսի այդ ծառերի փոխարինման դեմ կամ ներկայացնի կտրված ծառերը կենսունակ։ Տնտեսագիտական համալսարանն ավարտածը չի ամաչում՝ ծառերի հատումից է խոսում»,- հայտարարեց Բեգոյանը։
Բեգոյանի խոսքով՝ «Կանաչապատում և շրջակա միջավայրի պաշտպանություն» ՀՈԱԿ-ը գիտական և մասնագիտական հաստատություն է, որտեղ նույնիսկ համալսարանների ուսանողներ են պրակտիկա անցնում, իսկ կառույցում աշխատում են բազմաթիվ բուսաբանական գիտությունների թեկնածուներ և պրոֆեսորներ։
«Ես որպես ղեկավար պարտավոր եմ լսել ոչ թե մանկաբույժների, ոսկերիչների կամ պատմաբանների կարծիքը, այլ բուսաբանների կարծիքը»,- ընդգծեց նա։
Բեգոյանը ավագանու նիստում հավաստիացրեց, որ մինչև որևէ ծառի փոխարինման որոշում կայացնելը մասնագետները բազմիցս ուսումնասիրում են դրա վիճակը։
«Հավատացնում եմ ձեզ, որ մինչ ծառերը փոխարինելը մենք 10 անգամ չափում ենք, նոր մեկ անգամ կտրում ենք»,- նշեց նա՝ հավելելով, որ իրազեկման աշխատանքների շնորհիվ երևանցիներն արդեն ավելի լավ են հասկանում, թե ինչպիսի ծառեր են փոխարինվում քաղաքում։