Բացել լրահոսը Փակել լրահոսը
99
A A
Պաշտոնական

Պատերազմը կարող է լայնածավալ հետևանքներ ունենալ. Արամ Ա

Արամ Ա կաթողիկոսը ուղերձ է հղել՝ անդրադառնալով Մերձավոր Արևելքում ծավալվող պատերազմական գործողություններին։
 
Նրա խոսքով՝ տարածաշրջանում ստեղծված իրավիճակը մտահոգիչ է, իսկ որոշ փորձագետներ ընթացող պատերազմը նույնիսկ դիտարկում են որպես հնարավոր համաշխարհային լայնածավալ բախումների սկիզբ։ Նա նշել է, որ Միացյալ Նահանգների և Իսրայելի կողմից Իրանի դեմ իրականացվող ռազմական գործողությունները շարունակաբար սրվում և ընդլայնվում են՝ ընդգրկելով ամբողջ տարածաշրջանը։

Կաթողիկոսը ընդգծել է, որ պատերազմը ծանր հետևանքներ է թողնում տարածաշրջանի երկրների վրա՝ առաջացնելով մարդկային զոհեր, ավերածություններ և փախստականների աճող հոսք։ Նրա խոսքով՝ հատկապես ծանր հետևանքներ են կրում Իրանը և Լիբանանը։

Արամ Ա կաթողիկոսը նաև նշել է, որ պատերազմական գործողությունների ենթակա երկրներում հայկական համայնքներ կան, և վերջին օրերին կապ է հաստատվել համայնքների ղեկավարների հետ՝ ստանալու անհրաժեշտ տեղեկություններ և փոխանցելու համապատասխան ցուցումներ։

Ուղերձում նա կոչ է արել պատերազմող կողմերին դադարեցնել ռազմական գործողությունները, հարգել պետությունների ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը և խնդիրները լուծել քաղաքական երկխոսության միջոցով։ Նա նաև ընդգծել է, որ տարածաշրջանում արդարության և փոխադարձ վստահության վրա հիմնված կայուն խաղաղության հաստատումը պետք է դառնա միջազգային հանրության և Միավորված ազգերի կազմակերպությունի առաջնահերթությունը։

Կաթողիկոսը կոչ է արել նաև տարածաշրջանի հայկական համայնքներին լինել զգոն, հետևել իրենց երկրների պետական կառույցների ցուցումներին և անհրաժեշտության դեպքում համախմբվել եկեղեցական ու համայնքային կառույցների շուրջ։ Նա նշել է, որ կաթողիկոսարանը պատրաստ է իր հնարավորությունների չափով աջակցել պատերազմական իրավիճակում հայտնված համայնքներին։