Անվճար լողի պարապմունքներ դպրոցականների համար․ ԿԳՄՍՆ
Աջակցիր «Ա1+»-ինՀՀ մարզերում դպրոցահասակ երեխաների առողջ ապրելակերպի խրախուսման և լողի անվճար ուսուցման փորձնական ծրագրի շրջանակում Տավուշի և Կոտայքի մարզերում մեկնարկել է երեխաների մասնակցության գրանցումը։
Ծրագիրը նախատեսված է երկու տարիքային խմբերի համար՝
· 8–12 տարեկաններ
· 13–17 տարեկաններ
Լողավազաններում դպրոցահասակ երեխաների լողի ուսուցումը յուրաքանչյուր տարիքային խմբում նախատեսվում է իրականացնել 3-ական խմբերով։ Ծրագրին մասնակցելու համար անհրաժեշտ է գրանցվել կրթության կառավարման տեղեկատվական համակարգի «Սովորողի օրագիր» էջում բացված համապատասխան բաժնում։ Գրանցումն իրականացնում է երեխայի ծնողը կամ օրինական ներկայացուցիչը։
Լողի դասընթացներին երեխայի մասնակցությունն անվճար է․ գրանցման վերջնաժամկետը 2026 թվականի մարտի 25-ն է:
Լողի ուսուցումը կանցկացվի Իջևան և Հրազդան համայնքներում գործող «Հրազդանի լողի մասնագիտացված մանկապատանեկան մարզադպրոց» ՓԲԸ-ի և «Իջևանի լողի մասնագիտացված մանկապատանեկան մարզադպրոց» ՓԲԸ-ի լողավազաններում՝ փորձառու մասնագետների ուսուցմամբ՝ ապահովված համապատասխան անվտանգության համակարգերով։
Այս փուլում ծրագրից կարող են օգտվել վերոնշյալ մարզերի դպրոցականները՝ ընդհանուր 66 երեխա։ Ընտրվում են կրթության կառավարման տեղեկատվական համակարգում /emis.am/ գրանցված առաջին վեց տասնյակ երեխաները, իսկ մնացած հայտատուների համար ձևավորվում է սպասման փուլ՝ հաջորդաբար ծրագրում ընդգրկելու նպատակով։
Լրացուցիչ հարցերի դեպքում կարող եք դիմել ՀՀ ԿԳՄՍ նախարարության սպորտի քաղաքականության վարչություն՝ հեռ․ 010 599-699 [ներքին՝ 637] կամ գրել [email protected] էլեկտրոնային հասցեին։
ՀՀ ԿԳՄՍՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈւՆ