Լեւոն Տեր-Պետրոսյանի անսպասելի վերադարձը քաղաքականություն․ ընտրական Զուգահեռներ (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին2008 թվականի նախագահի ընտրություն (1-ին մաս)
Հրաժարականից գրեթե տասը տարի անց առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը
վերադարձով մեծ քաղաքականություն։ Նախագահի թեկնածու առաջադրվելու մասին նա
հայտարարեց 2007-ի հոկտեմբերի 26-ին Ազատության հրապարակում։
Լևոն Տեր-Պետրոսյան 26․10․2007 հանրահավաքի ելույթից
Իմ առաջադրման հիմնական նպատակը ոչ թե նախագահ դառնալու մտադրությունն է, այլ
որպեսզի կանխվի ներկա իշխանության վերարտադրությունը, քանի որ այն արատավոր է,
նվաստացուցիչ և մեր ժողովրդին պատիվ չի բերում։ Եթե լիներ այնպիսի մի ուժ, որն
ընդունակ կլիներ դիմակայել ներկա իշխանություններին, ապա ես կաջակցեի դրան, բայց
քանի որ նման ուժ չկա, ինձ ոչինչ չի մնում, քան ենթարկվել ժողովրդի կամքին։
Նախագահի ընտրությունը փետրվարի 19-ին էր նշանակված։ Րաֆֆի Հովհաննիսյանն
արդեն երկրորդ անգամ չկարողացավ ստանալ նախագահի թեկնածուի կարգավիճակ՝ վերջին
տասը տարվա ՀՀ քաղաքացիություն չունենալու պատճառով։ Արամ Կարապետյանի
փաստաթղթերը մերժվեցին՝ վերջին տասնամյակում Հայաստանի Հանրապետությունում
մշտապես չբնակվելու հիմքով ։
Ընտրություններին մասնակցում էր ինը թեկնածու։ Կառավարող ուժի թեկնածու, վարչապետ
Սերժ Սարգսյանի առաջադրման նախաձեռնողն էր Հանրապետական կուսակցությունը,
սակայն նրան սատարում էին շուրջ տասը կուսակցություն, այդ թվում՝ Գագիկ Ծառուկյանի
ղեկավարած «Բարգավաճ Հայաստանը» ։
Համախմբում կար նաև Տեր-Պետրոսյանի շուրջ։ Սատարողների թվում էր նաև մերժված
թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի «Ժառանգությունը», Տեր-Պետրոսյանին աջակցում էին
նաև Ստեփան Դեմիրճյանի ու Արամ Զավենի Սարգսյանի ղեկավարած կուսակցությունները։
Առաջադրվել էին նաև Արթուր Բաղդասարյանը, Վահան Հովհաննիսյանը, Արտաշես
Գեղամյանը, Տիգրան Կարապետյանը, Արման Մելիքյանը, Վազգեն Մանուկյանն ու Արամ
Հարությունյանը։
Տեր-Պետրոսյանն ու իր թիմը շարունակ դիմում էին «Օրինաց երկրի» առաջնորդին՝
ինքնաբացարկ հայտնելու և միասնական թիմով հանդես գալու առաջարկով։ Բաղդասարյանը
հակադարձում էր, թե թող Տեր-Պետրոսյանն իր օգտին ինքնաբացարկ հայտնի։
Քարոզարշավի ընթացքում առանձին գործիչներ լքում էին Սերժ Սարգսյանի թիմն ու
միանում Տեր-Պետրոսյանին։ Ամենացայտուն օրինակը Սասուն Միքայելյանն էր, որ
Երկրապահին այլընտրանքային «Ոգու փորձություն» կազմակերպությունն էր հիմնել ու
բացահայտ կանգնեց նախկին նախագահի կողքին։
Քվեարկության օրը ընտրական խախտումների, ընտրակաշառքի, լցոնումների ու
կեղծումների մասին հաղորդումները մեկը մյուսին էին հաջորդում։ Դրանց մասին
ահազանգում էին տարբեր թեկնածուների վստահված անձինք։
Այնուամենայնիվ, պաշտոնական արդյունքներով, Սերժ Սարգսյանը համարվեց ընտրված։
Ըստ արձանագրության՝ նա ստացել էր քվեարկությանը մասնակցածների ձայների 52․82
տոկոսը, Լևոն Տեր-Պետրոսյանը՝ 21․5, Արթուր Բաղդասարյանը՝ 17․7 տոկոս։
Լևոն Տեր-Պետրոսյանը հայտարարեց ընտրության արդյունքները չճանաչելու մասին։
Ընտրությունների հաջորդ օրը Տեր-Պետրոսյանը հավաք հրավիրեց Մատենադարանին
հարող տարածքում։ Առջևում հետընտրական բուռն զարգացումներ էին ու Մարտի 1-ի
ողբերգությունը։