Ես ինքս եմ հանձնառություն ստանձնել. ՄԻՊ
Աջակցիր «Ա1+»-ինՓետրվարի 27-ին Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը մասնակցել և հիմնական ելույթով է հանդես եկել Ռաուլ Վալենբերգի մարդու իրավունքների և մարդասիրական իրավունքի ինստիտուտի նախաձեռնությամբ կազմակերպված «Մարդու միջազգային իրավունքի և չափանիշների խթանումը Հայաստանում» ծրագրի երկրորդ փուլի մեկնարկի միջոցառմանը։
Պաշտպան Անահիտ Մանասյանը «Մարդու իրավունքների առաջնահերթությունները Հայաստանում այսօր» թեմայով իր ելույթում անդրադարձել է Հայաստանում մարդու իրավունքների մարտահրավերներին և առաջնահերթություններին:
Պաշտպանն իր երախտագիտությունն է հայտնել Ռաուլ Վալենբերգի մարդու իրավունքների և մարդասիրական իրավունքի ինստիտուտին կայուն և արդյունավետ համագործակցության և համատեղ իրականացվող ծրագրերի համար։
Անահիտ Մանասյանն իր խոսքում անդրադարձել է Հայաստանում մարդու իրավունքների ոլորտում առկա մարտահրավերներին՝ ընդգծելով, որ ներկայում մարդու իրավունքների ոլորտին առնչվող մարտահրավերները շատ են ամբողջ աշխարհում ու, թեև ուղղությունները հիմնականում նույնն են, սակայն դրանք տարբեր պետություններում և հասարակություններում ունեն իրենց առանձնահատկությունները։
«Անկախ մարտահրավերներից՝ մենք ձեզ հետ միասին պետք է շարունակենք ոլորտի բարելավմանն ուղղված մեր աշխատանքները»,-ասել է Անահիտ Մանասյանը։
Անդրադառնալով արձանագրվող խնդիրներին՝ Պաշտպանը նախևառաջ ուշադրություն է հրավիրել քաղաքականացվածության ու բևեռացվածության խնդրին, արդյունքում նաև՝ մարդու իրավունքների գործիքայնացմանը գրեթե բոլոր գործընթացներում, ինչը, ըստ Պաշտպանի, մեծ վնաս է հասցնում մարդու իրավունքների պաշտպանության համակարգին։
«Սա ամենամեծ մարտահրավերն է, որի հաղթահարման ուղղությամբ մենք պետք է միատեղենք ջանքերը»,- ասել է Անահիտ Մանասյանը։
Պաշտպանն առանձնացրել է նաև իրավահավասարության և հակախտրականության ոլորտը՝ այս համատեքստում մասնավորապես անդրադառնալով կրոնական ազատությունների հետ կապված հարցերին.
«Այս առումով կարևոր է համոզմունքների հիմքով խտրականության բացառումը, կրոնական բոլոր կազմակերպությունների ինքնավարության նկատմամբ հարգանքը: Այս մասին ես անընդհատ եմ բարձրաձայնում և հատկապես կարևորում եմ, որ կրոնական կազմակերպություններին և կրոնական ազատություններին առնչվող քննարկումները դուրս չգան իրավահավասարությանը և հակախտրականությանը վերաբերելի չափանիշներից»,-ասել է Անահիտ Մանասյանը՝ խնդիրը ներկայացնելով նաև կոնկրետ օրինակներով, որոնք Մարդու իրավունքների պաշտպանի մշտադիտարկումների արդյունքն են։
Անահիտ Մանասյանն իր ելույթում անդրադարձել է նաև հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրներին՝ ընդգծելով, որ, չնայած իրականացված աշխատանքներին, խնդրահարույց հարցերը ոլորտում շատ են։ Այս համատեքստում Անահիտ Մանասյանը նշել է, որ նախորդ տարի Մարդու իրավունքների պաշտպանի՝ Սահմանադրական դատարան ուղղված դիմումի հիման վրա հակասահմանադրական են ճանաչվել երկու ականջի կայուն լրիվ խլություն կամ խուլհամրություն ու երկու աչքերի (բինօկուլյար) կուրություն ունեցող անձանց համար դատավորի պաշտոնում նշանակվելու բացարձակ արգելքը սահմանող իրավական կարգավորումները։
Հաջորդիվ Պաշտպանը խոսել է ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությանը վերաբերելի խնդրների մասին՝ անդրադառնալով նաև խտրական և ատելության խոսույթի դրսևորումներին։
«Ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությունը չի ենթադրում միայն արձագանքողական մոտեցում, այլ՝ շատ ավելի լայնածավալ իրավունքների խթանման աշխատանքներ։ Պետք է նշեմ, որ վերջին տարիներին բավականին ակտիվացել է ոլորտի նկատմամբ հետաքրքրությունը։ Այս համատեքստում կարևորում եմ մեր խոսույթից ազգային և էթնիկ պատկանելության հիմքով թիրախավորումը։ Սա ոչ միայն իմ, այլև Եվրոպայի խորհրդի Անհանդուրժողականության ու ռասսիզմի դեմ կոմիտեի դիտարկումներն են, և միանշանակ է, որ այս ուղղությամբ պետք է հետևողական աշխատանքներ իրականացնել»,-ասել է Պաշտպանը։
Անահիտ Մանասյանն անդրադարձել է նաև գենդարային հավասարության ոլորտին առնչվող խնդիրներին, քրեական վարույթների շրջանակներում իրավունքների երաշխիքների հետ կապված բազմաբնույթ հարցերին, Հայաստանում կալանքը հաճախ կիրառելու խնդրին, որը, ըստ Պաշտպանի, համակարգային հարցերից մեկն է։
Որպես կարևոր խնդիր՝ Անահիտ Մանասյանը խոսել է նաև աշխատանքային իրավունքների հետ կապված հարցերի շուրջ՝ մասնավորապես շեշտադրելով գործադուլի իրավունքը։
«Ես ինքս եմ հանձնառություն ստանձնել քաղհասարակության տարբեր գործընկերների հետ քննարկելու և գործադրելու իմ մանդատին վերաբերելի տարբեր գործիքակազմերը ոլորտին վերաբերելի համակարգային խնդիրներ լուծելու համար»,-ասել է Անահիտ Մանասյանը։
Պաշտպանն անդրադարձել է նաև ազատությունից զրկված անձանց իրավունքների պաշտպանության ոլորտում առկա խնդիրներին՝ նշելով, որ տարեցտարի ոլորտում դրական զարգացումներ առկա են, այնուամենայնիվ, խնդիրները դեռևս շատ են, և դրանք պետք է հասցեավորել ամենօրյա ռեժիմով։
Պաշտպանը խոսել է նաև հոգեբուժական հաստատություններում անձանց իրավունքների պաշտպանությանն առնչվող խնդիրների, երեխաների իրավունքներին առնչվող բազմաբնույթ հարցերի մասին։
Անահիտ Մանասյանը նշել է, որ Պաշտպանի աշխատակազմի ուշադրության կենտրոնում են նաև տեղահանված անձանց հետ կապված խնդիրները, գտնվելու վայրն անհայտ անձանց և նրանց հարազատների իրավունքների պաշտպանության, գերիների հետ կապված հարցերը, որոնք հասցեավորվում են ամենօրյա ռեժիմով։
Ամփոփելով խոսքը՝ Պաշտպանը նշել է.
«Կարևորում եմ Հայաստանում մարդու իրավունքների կրթության ամբողջական բարեփոխումները։ Բարեփոխումներն այս ոլորտում շատ ավելի հայեցակարգային պետք է լինեն և այս խնդիրները հաղթահարելու առումով շատ կարևոր է մեր բոլորի համատեղ աշխատանքը»,-ասել է Անահիտ Մանասյանը՝ շնորհակալություն հայտնելով Շվեդիայի դեսպանատանը, Ռաուլ Վալենբերգի ինստիտուտին, միջազգային կառույցներին, պետական մարմինների այն գործընկերներին, որոնք հանձնառու են մարդու իրավունքների պաշտպանության հարցում, քաղաքացիական հասարակության գործընկերներին, այն բոլոր ուսումնական հաստատություններին, որոնց հետ Պաշտպանի աշխատակազմը տարբեր ծրագրեր է իրականացնում։
Միջոցառմանը բացման խոսքով հանդես է եկել նաև Հայաստանում Շվեդիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Եվա Սունդքվիստը։
«Մարդու միջազգային իրավունքի և չափանիշների աջակցման ծրագիր. 2022-2027» ներկայացրել է Ռաուլ Վալենբերգի ինստիտուտի երևանյան գրասենյակի տնօրեն Լաուրա Միլնը։ Վերջինս ներկայացրել է ծրագրի շրջանակներում իրականացվող նախաձեռնությունները և առաջիկա անելիքները։