Բացել լրահոսը Փակել լրահոսը
14.02.26.2
A A
Պաշտոնական

Փարիզի արվեստի և մշակույթի Ժորժ Պոմպիդու կենտրոնի նախագահ Լորան լե Բոնն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Փարիզի արվեստի և մշակույթի Ժորժ Պոմպիդու կենտրոնի նախագահ Լորան լե Բոնը փետրվարի 14-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրեն Մարինա Հակոբյանի ուղեկցությամբ:

Այդ մասին հայտնում են Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտից։

Հյուրերին դիմավորել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Էդիտա Գզոյանը և ուղեկցել դեպի Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ներկայացնելով հուշահամալիրի ստեղծման պատմությունը: ՀՑԹԻ տնօրենն անդրադարձ է կատարել նաև Ծիծեռնակաբերդի տարածքում անցյալ դարավերջին Ադրբեջանի Սումգայիթ, Կիրովաբադ (Գանձակ), Բաքու քաղաքներում ադրբեջանական կառավարության կազմակերպած կոտորածներին զոհ գնացած հայերի հիշատակին տեղադրված երեք խաչքարերի և Արցախյան գոյամարտի տարիներին Հուշապատի դիմացի հատվածում հուղարկավորված հինգ ազատամարտիկների պատմություններին՝ շեշտելով կապը տեղի ունեցածի և Հայոց ցեղասպանության միջև:

Ֆրանսիայից ժամանած հյուրերը ծաղիկներ են դրել անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգել Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը: Էդիտա Գզոյանը նրանց ուղեկցել է Հուշապատի մոտ, որի հետնամասում հատուկ խորշերի մեջ ամփոփված են 19-րդ դարավերջին և 20-րդ դարասկզբին թուրքական կառավարության իրագործած հայերի զանգվածային կոտորածների և ցեղասպանության դեմ իրենց բողոքի ձայնը բարձրացրած օտարազգի մի շարք հասարակական, քաղաքական գործիչների, մտավորականների և միսիոներների գերեզմաններից վերցված հողով լի փոքր սափորները: Հյուրերը մեծ հետաքրքրությամբ են լսել հատկապես Անատոլ Ֆրանսի և Լուի Դարթիժ դյու Ֆուռնեի հայանպաստ գործունեության մասին:

ՀՑԹԻ տնօրենը ներկայացրել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրի տարածքում դրված Ֆրանսիայի կողմից 2001 թ. հունվարի 29-ին Հայոց ցեղասպանության ճանաչմանը նվիրված կոթողը: Այնուհետև հյուրերն այցելել են Հայոց ցեղասպանության թանգարան, ծանոթացել մշտական և ժամանակավոր ցուցադրություններին: Այցի ավարտին պարոն Լորան լե Բոն գրառում է կատարել Պատվավոր հյուրերի հուշամատյանում:

Շնորհակալություն հայտնելով այցի համար՝ ՀՑԹԻ տնօրեն Էդիտա Գզոյանը պատվավոր հյուրին նվիրել է Հայոց ցեղասպանության մասին գրքեր: