Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Մշակույթ Սպորտ

«Արարատ-73». գեղարվետական ֆիլմ՝ լեգենդար թիմի մասին

Երևանի «Մոսկվա» կինոթատրոնում երեկ տեղի ունեցավ կինոռեժիսոր Մհեր Մկրտչյանի նկարահանած «Արարատ-73» ֆիլմի պրեմիերան(Ռեժիսոր՝ Մհեր Մկրտչյան, Գլխավոր պրոդյուսեր՝ Վալերի Սահարյան):

Դրան ներկա էին ֆիլմի ստեղծագործական ողջ կազմը, դերասանները, գլխավոր և ոչ գլխավոր հերոսները, ինչպես նաև արվեստի և մշակույթի գործիչներ և այլք: Բայց գլխավոր հյուրերը հենց «Արարատ-73» լեգենդար թիմի ողջ մնացած ֆուտբոլիստներն էին՝ Էդուարդ Մարգարովը, Սերգեյ Բոնդարենկոն, Նորիկ Մեսրոպյանը, Սերգեյ Պողոսյանը:

«Արարատ 73» սպորտային դրաման նվիրված է «Արարատ» ֆուտբոլային թիմի հաղթանակին և թիմի գլխավոր մարզիչ, խորհրդային ֆուտբոլի լեգենդ Նիկիտա Սիմոնյանի հիշատակին: Վերջինիս գլխավորությամբ՝ «Արարատը» անհնարինը դարձրեց հնարավոր՝ մեկ տարվա ընթացքում դառնալով և ԽՍՀՄ գավաթակիր և ԽՍՀՄ չեմպիոն: 

Ֆիլմի հեղինակները նրա օգնությամբ բավական հաջող ներկայացրել են այն ժամանակների Երևանի նիստուկացը, վարքուբարքերը, բայց... մի դրվագում շատ են հեռու գնացել, ինչը բացառվում էր այն ժամանակներում: Խոսքը վերաբերում է խաղադրույքներին, որը ԽՍՀՄ-ում չի եղել մինչև գորբաչովյան «վերակառուցումը»: 

Ֆիլմը բավական թեթև է նայվում, քանի որ շատ է հումորը, հատկապես ֆուտբոլային, բայց հեղինակներին հաջողվել է հանդիսատեսին հասցնել գլխավոր միտքը՝ հաղթանակի համար հարկավոր է լինել միասնական, իսկ ֆուտբոլում՝ պայքարել մինչև վերջին վայրկյանը:

Ֆիլմում նկարահանվել են Եգոր Բերոևը, Սոֆյա Դոնյանցը, Քսենիա Ալֆերովան, Սերգեյ Շակուրովը, Սերգեյ Գազարովը, Բաբկեն Չոբանյանը, Անդրանիկ Խաչատրյանը, Դավիթ Մանոյանը, Արծրուն Չոբանյանը, Հայկ Աղաքարյանը (Freestyle), Սեյրան Մովսիսյանը, Լևս Դավթյանը, Էդվին Հակոբյանը, Անահիտ Կիրակոսյանը, այլք։