Վստահ եմ, ՌԴ-ից պայման կլինի՝ եթե TRIPP-ում ներգրավված լինենք, երկաթգիծը կվերականգնենք․ Հ․Ֆանյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին«Սա ռազմավարական շատ մեծ հանգույց է, որն իր վերահսկողության տակ պահելով՝ ԱՄՆ-ը կկարողանա ռազմավարական կախման մեջ պահել և Եվրոպական, և Կենտրոնական Ասիայի երկրները, և Չինաստանը։ Պարզապես այս պահին մեր շահերը համընկել են ԱՄՆ շահերի հետ։ Ոչինչ ավելի»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց ACSES վերլուծական կենտրոնի տնօրեն Հայկազ Ֆանյանը՝ խոսելով TRIPP-ի և Արևելքը Եվրոպային կապող հնարավոր տրանսպորտային մասին։
Նա չի հասկանում այն գործիչներին, որոնք պնդում են, թե TRIPP-ն ընդամենը Ադրբեջանի հիմնական մասը Նախիջևանին միացնելու համար է։ Եվ հարց է բարձրացնում, թե արդյոք ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր ջանքերը դրել է ընդամենը դրա համար։ Տնտեսագետն ասում է, որ Հայաստանով անցնող այդ կարճ ճանապարհը Արևելքի և Արևմուտքի միջև ստեղծվող նոր ճանապարհային հանգույցի մաս է կազմելու։
«Միջին միջանցքի երթուղին։ Նախատեսվում է, որ մինչև 2030թ․ այդ երթուղով փոխադրվող հոսքերը կարող են հասնել մինչև 11 մլն տոննայի։ Դա բավականին լուրջ ծավալ է մեր երկրի համար, եթե գործի միջանցքը։ Ադրբեջանից Մեղրի-Նախիջևան-Երասխ։ Փոխադրումների մեծ մասը կկազմեն ղազախական բեռները, քանի որ Ռուսաստանի տարածքով անցնող հյուսիսային ուղին չի գործում, իսկ Ղազախստանը խնդիր ունի իր հացահատիկը, հանքահումքային ռեսուրսը Եվրոպա հասցնելու»,- ասաց Հայկազ Ֆանյանը։
Ինչ վերաբերում է Ռուսաստանից հնչող այն հայտարարություններին, թե իրենք էլ ցանկանում են միանալ TRIPP-ին և վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, թե ռուսական կողմին խնդրել է վերանորոգել իրենց կառավարման ներքո գտնվող մեր երկաթգծի որոշ հատվածներ, հավելում է․ «Ես վստահ եմ, որ պայման դրված կլինի, եթե Թրիփը տաք, որ մենք ինչ-որ կերպ ներգրավվածություն ունենանք, անմիջապես կվերանորոգենք, ինչը բնականաբար այս պայմաններում իրատեսական չէ։ Ես ունեմ տեղեկատվություն, որ հաճախ ադրբեջանական կողմը, թուրքական կողմը հիմնավորում են, որ ավելի նպատակահարմար է Դիլիջու-Կարս ուղղությունը գործարկել, նշում են, որ Երասխից հետո մեր երկաթուղին կառավարվում է ռուսական «Հարավկովկասյան երկաթուղու» կողմից, և իրենք չեն ցանկանում գործ ունենալ ռուսական կողմի հետ»։
Մանրամասները՝ տեսանյութում։