Առաջիկա ժամերին ամբողջությամբ կվերականգնվի «Վարդաշեն» ենթակայանից բաշխվող էլեկտրամատակարարումը. Ռոմանոս Պետրոսյան
Աջակցիր «Ա1+»-ինՀԷՑ-ից հայտնում են, որ 110/35/6 կՎ «Վարդաշեն» ենթակայանում իրականացվող լայնածավալ հետվթարային աշխատանքների ավարտից հետո առաջիկա 2–3 ժամերի ընթացքում ամբողջությամբ կվերականգնվի էլեկտրամատակարարումը վթարի հետևանքով հոսանքազրկված բոլոր հասցեներում։
Ընկերության ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանի փոխանցմամբ՝ ենթակայանում ավարտական փուլում են 6 կՎ թվով 23 նոր բջիջների, դրանց ռելեական պաշտպանությունն ապահովող օպերատիվ հոսանքի, անհրաժեշտ ենթակառուցվածքների և ենթակայանը սնող նոր մալուխային գծերի վերջին միացումները։
Նա նշել է, որ ՀԷՑ-ի հարյուրավոր մասնագետներ շուրջ 44 ժամ՝ առանց դադարի, իրականացրել են հսկայածավալ հետվթարային, մոնտաժային և կարգաբերման աշխատանքներ՝ հնարավորինս արագ վերականգնելու նախօրեին տեղի ունեցած խոշոր էներգատեխնիկական վթարի հետևանքով խափանված էլեկտրամատակարարումը։
Ռոմանոս Պետրոսյանի խոսքով՝ իրականացվող աշխատանքների ավարտից հետո «Վարդաշեն» ենթակայանից բաշխվող էլեկտրամատակարարումը ամբողջությամբ կվերականգնվի բոլոր բաժանորդների համար։