Արագածոտնի թեմի առաջնորդը հոգևորականներին հրահանգել է մասնակցել ընտրություններին և չքվեարկել կուսակցության օգտին․ ՔԿ
Աջակցիր «Ա1+»-ինՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Արագածոտնի թեմի առաջնորդ Հ.Պ.-ն օգտագործելով իր ծառայողական լիազորություններից բխող ազդեցությունը՝ 2021 թվականի ընթացքում տեղի ունեցած Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 8-րդ գումարման արտահերթ ընտրություններից առաջ, Արագածոտնի թեմի առաջնորդարանում անցկացված ժողովի ժամանակ, երկու և ավելի անձանց՝ Արագածոտնի թեմի կազմում հոգևոր ծառայություն իրականացնող հոգևորականներին հրահանգել է մասնակցել ընտրություններին և չքվեարկել կուսակցության օգտին:
Բացի այդ, Հ.Պ.-ն Արագածոտնի թեմի դիվանապետ Ա.Ա.-ի օժանդակությամբ, մասնավորապես՝ վերջինիս կողմից տեղեկություններ տրամադրելու եղանակով, այն է՝ Արագածոտնի թեմի հոգևորականների համար նախատեսված «WhatsApp» ինտերնետային հավելվածում ստեղծված խմբային նամակագրության միջոցով, իր ծառայողական լիազորություններով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով, շանտաժով` Արագածոտնի թեմի կազմում հոգևոր ծառայություն իրականացնող հոգևորականներին հարկադրել է եկեղեցական զգեստով մասնակցել նշված հավաքներին՝ պահանջելով հավաքներին մասնակցելու փաստը հաստատող լուսանկարներ կատարել և դրանք ուղարկել վերը նշված ինտերնետային հավելվածին։
Նախաքննության ընթացքում Հ.Պ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 210-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (ընտրական կամ հանրաքվեին մասնակցելու իրավունքի իրականացումը, ընտրական հանձնաժողովների աշխատանքներին կամ ընտրությանը կամ հանրաքվեին մասնակցող անձանց իրավունքների կամ պարտականությունների իրականացումը խոչընդոտելը) և 236-րդ հոդվածի 3-րդ մասով (հավաք անցկացնելուն կամ դրան մասնակցելուն խոչընդոտելը կամ հարկադրելը, ինչպես նաև հավաքին մասնակցելու կամ հավաքին մասնակցելուց հրաժարվելու նպատակով նյութապես շահագրգռելը), իսկ Ա.Ա.-ի նկատմամբ՝ 46-236-րդ հոդվածի 3-րդ մասով (հավաք անցկացնելուն կամ դրան մասնակցելուն խոչընդոտելը կամ հարկադրելը, ինչպես նաև հավաքին մասնակցելու կամ հավաքին մասնակցելուց հրաժարվելու նպատակով նյութապես շահագրգռելուն օժանդակելը):
Հ.Պ.-ի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը, իսկ Ա.Ա.-ի նկատմամբ՝ տնային կալանքը:
Վերջիններիս վերաբերյալ քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին:
Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ՀՀ քննչական կոմիտե