Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Պաշտոնական

«Ղարաբաղից տեղահանված քաղաքացիների համար նոր ծրագիր ենք ներդրում»․ Արսեն Թորոսյան (տեսանյութ)

Կկարգավորվեն Ղարաբաղից տեղահանված սոցիալապես անապահով ընտանիքներին սոցիալական աջակցության տրամադրման հետ կապված հարաբերությունները

Կառավարության որոշմամբ կկարգավորվեն Ղարաբաղից տեղահանված սոցիալապես անապահով ընտանիքներին օժանդակելու համար կացարանով ապահովման համար վարձակալության վարձավճարի մասնակի հատուցման եղանակով սոցիալական աջակցության տրամադրման հետ կապված հարաբերությունները։ Ըստ այդմ՝ նախատեսվում է կացարանով ապահովման համար վարձակալության վարձավճարի երկարաժամկետ մասնակի հատուցման եղանակով սոցիալական աջակցություն տրամադրել Ղարաբաղից տեղահանված՝ օրենսդրությամբ սահմանված կարգով պետական սոցիալական աջակցության ծրագրերի շրջանակում պետական սոցիալական բնակարանային ֆոնդում կացարանով ապահովման հերթացուցակում հաշվառված, ծրագրի շրջանակում բնակարանի կամ կառուցվող շենքից բնակարան գնելու իրավունքի կամ անհատական բնակելի տան ձեռքբերման կամ անհատական բնակելի տան կառուցման հավաստագիր չստացած կամ այն չեղարկած 1-3 անդամ ունեցող այն ընտանիքներին

1)         որոնք բաղկացած են միայն անժամկետ 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող կամ անժամկետ ֆունկցիոնալության սահմանափակման խորը կամ ծանր աստիճան ունեցող կամ 60 ավելի տարեկան անդամներից, կամ

2)         որոնց անդամների տարիքների հանրագումարը 115 և ավելի է՝ 2 անդամի դեպքում, կամ

3)         որոնց անդամների տարիքների հանրագումարը 175 և ավելի է՝ 3 անդամի դեպքում:

Նախատեսվում է սոցիալական աջակցությունը տրամադրել 120 ամիսների ընթացքում՝ աջակցության ամսական չափը ընտանիքի յուրաքանչյուր անդամի համար սահմանելով 40000 դրամ: Սոցիալական աջակցության միջոցառման շահառուներ ըստ էության կհանդիսանան ծրագրի պայմաններին բավարարող, սակայն ծրագրի փոխարեն վարձավճարի երկարաժամկետ հատուցման միջոցով կացարանի խնդրի լուծման տարբերակն ընտրած ընտանիքները:

Կառավարության մեկ այլ որոշմամբ էլ կապահովվի Ղարաբաղից  տեղահանված առանձին խմբերի անձանց կեցության այլ ծախսերը հոգալու համար, ինչպես նաև կարիքավոր ընտանիքներին լրացուցիչ հրատապ սոցիալական աջակցությունները տրամադրելու շարունակականությունը:

Հաստատվել է Ղարաբաղից տեղահանված անձանց ինքնազբաղվածության խթանման ծրագիրը 

Կառավարությունը հաստատել է Ղարաբաղից տեղահանված անձանց ինքնազբաղվածության խթանման ծրագիրը: Մասնավորապես, ինքնազբաղվածության ապահովման նպատակով առաջարկվում է աջակցության տրամադրում ՀՀ կառավարության 2022 թվականի փետրվարի 17-ի N 169-Լ և ՀՀ կառավարության 2024 թվականի մայիսի 16-ի N 710-Լ որոշումներով հաստատված բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրերի շահառու հանդիսացող, հավաստագիր ստացած և իրացրած ընտանիքների անդամ հանդիսացող,  «Զբաղվածության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածով սահմանված գործունեության որևէ տեսակով Հայաստանի Հանրապետությունում չզբաղված և «Եկամտային հարկի, շահութահարկի և սոցիալական վճարի անձնավորված հաշվառման համակարգում» առկա տեղեկատվության հիման վրա վերջին 3 ամսվա ընթացքում հարկ վճարող չհանդիսացող անձանց։ Նախատեսվում է, որ ծրագրում շահառուն կարող է ընդգրկվել 1 անգամ, ընդ որում՝ շահառու կարող է  լինել յուրաքանչյուր ընտանիքի միայն 1 անդամ։

Որոշմամբ առաջարկվում է Ղարաբաղից տեղահանված անձանց ինքնազբաղվածության ապահովման նպատակով տրամադրել աջակցություն հետևյալ ուղղություններով՝

1)         ձեռնարկատիրական գործունեության մեկնարկի և իրականացման համար անհրաժեշտ աջակցություն (այդ թվում՝ խորհրդատվություն, բիզնես ուսուցում, որի շրջանակում նաև գործարար ծրագրի մշակում և ձեռնարկատիրական գործունեության իրականացման ուղեկցում 12 ամիս ժամկետով, մասնավորապես, տնտեսական գործունեության իրականացման ընթացքում ծագած դժվարությունները հաղթահարելու նպատակով անհրաժեշտ խորհրդատվության տրամադրում՝ հարկային պարտավորությունների և այլ պետական վճարների կատարման, բիզնեսի կառավարման, մարքեթինգի, արտադրանքի (արդյունքի) փաթեթավորման, առաքման, վճարման կամ այլ նորարարության հարցերով, այդ թվում՝ թվային ու արհեստական բանականության գործիքների ինտեգրման վերաբերյալ).

2)         գործարար ծրագրերի իրականացման համար դրամաշնորհների տրամադրում։

Ձեռնարկատիրական գործունեության մեկնարկի և իրականացման համար անհրաժեշտ բիզնեսի ուսուցման և ուղեկցման աշխատանքները կազմակերպվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական ծառայության կողմից իրավաբանական անձանց կամ անհատ ձեռնարկատերերի (այսուհետ՝ կազմակերպություն) հետ սույն ծրագրով սահմանված կարգով կնքված հրապարակային օֆերտայի պայմանագրի հիման վրա, որի օրինակելի ձևը հաստատում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը։ Հրապարակային օֆերտայի պայմանագրեր կարող են կնքվել այն կազմակերպությունների հետ, որոնք ունեն բիզնես դասընթացներ կազմակերպելու և բիզնես ուղեկցում իրականացնելու առնվազն 3 տարվա փորձառություն։ Կազմակերպությունների ցանկը, հրապարակային օֆերտայի պայմանները, ինչպես նաև մատուցվող ծառայությունների շրջանակը հրապարակվում են Միասնական սոցիալական ծառայության պաշտոնական կայքէջում:

Առաջարկվում է կազմակերպությանը վճարել՝ յուրաքանչյուր շահառուի բիզնես ուսուցման համար՝ առավելագույնը 300,000 դրամ,  յուրաքանչյուր շահառուի 12 ամիս (ամսական միջինում 10 ժամի համար) բիզնես ուղեկցման համար՝ ամսական 60,000 դրամ։

Շահառուին ձեռնարկատիրական գործունեության իրականացման համար առաջարկվում է տալ դրամաշնորհ գործարար ծրագրով նախատեսված գումարի 70%-ի չափով, բայց ոչ ավելի, քան 2,000,000 դրամը։ Գործարար ծրագրի իրականացման համար շահառուն կարող է ներգրավել նաև կապիտալ միջոցներ կամ տարածքի վարձակալության համար հավելյալ միջոցներ՝ օրենքով չարգելված այլ աղբյուրներից։

Որոշմամբ առաջարկվում է ձեռնարկատիրական գործունեության մեկնարկից հետո 7 աշխատանքային օրվա ընթացքում շահառուին փոխանցել դրամաշնորհի գումարի 50%-ը, իսկ հիմնական միջոցների ձեռքբերման անհրաժեշտության դեպքում՝ մինչև 70%-ը՝ ձեռք բերված հիմնական միջոցների գնումը հավաստող փաստաթղթի առկայության դեպքում։ Գումարի մնացած մասն առաջարկվում է փոխանցել շահառուին գործունեության իրականացման մեկ տարին լրանալուց հետո։ Առաջարկվում է նաև ձեռնարկատիրական գործունեությունը 12 ամսից հետո ևս 6 ամիս գործելու դեպքում, եթե տարեկան շրջանառությունը կազմում է 3,000,000 դրամ, շահառուին տրամադրել հիմնական միջոցի ձեռքբերման ծախսի փոխհատուցում՝ մինչև 1,000,000 դրամի չափով, ընդ որում՝ փոխհատուցումը կտրվի ձեռք բերված հիմնական միջոցի գնումը հավաստող փաստաթղթի առկայության դեպքում։ Արդյունքում ակնկալվում է ինքնազբաղվածության  հնարավորություն ընձեռել Ղարաբաղից տեղահանված շուրջ 200 անձի: