Դիլիջանում ամփոփվեց կիբեռանվտանգության իրազեկման տարեվերջյան հանդիպումը
Աջակցիր «Ա1+»-ինԴիլիջանի կենտրոնական դպրոցում կայացել է կիբեռանվտանգության իրազեկման արշավի տարեվերջյան ամփոփիչ հանդիպումը
Դեկտեմբերի 12-ին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանի մասնակցությամբ Դիլիջանի կենտրոնական դպրոցում կայացել է կիբեռանվտանգության իրազեկման արշավի տարեվերջյան ամփոփիչ հանդիպումը: Միջոցառմանը ներգրավված են եղել ավելի քան 300 աշակերտներ Դիլիջանի, Հովքի, Թեղուտի, Հաղարծնի և Գոշի հանրակրթական դպրոցներից։
Հանդիպման մեկնարկին աշակերտները հատուկ ծրագրի միջոցով պատասխանել են որոշակի հարցերի, որով ստուգվել են նրանց պատկերացումները կիբեռանվտանգության, ֆիշինգ հարձակումների և տարբեր առցանց ռիսկերի վերաբերյալ։
Ներկայացնելով ոլորտի առկա մարտահրավերներն ու միտումները` նախարար Հայրապետյանը խոսել է արհեստական բանականության կիրառմամբ առաջացող ռիսկերի և հնարավորությունների, դիփֆեյքերի տարածման ազդեցության, ինչպես նաև ապատեղեկատվության դեմ պայքարի գործիքների մասին։ Նա առանձնացրել է թվային հմտությունների զարգացումը՝ նշելով, որ դրանք դարձել են ժամանակակից կրթության և անվտանգ առցանց վարքի անբաժան բաղադրիչ։
Միջոցառման ընթացքում անձնական տվյալների պաշտպանության հարցերով փորձագետ Գևորգ Հայրապետյանը ներկայացրել է համացանցում անձնական տվյալների անվտանգության ապահովման արդյունավետ մեխանիզմները, ինչպես նաև խոսել է «ԿիբեռՉատ» հարթակի հնարավորությունների մասին, որը նախատեսված է երեխաների և դեռահասների աջակցության համար։
Այնուհետև AM-CERT-ի (Ազգային կիբեռմիջադեպերի արձագանքման թիմ) փորձագետները ներկայացրել են մշակված տեղեկատվական նյութեր և ելույթներ: Աշակերտների մասնակցությամբ անցկացվել են ինտերակտիվ քննարկումներ, խաղեր և գլուխկոտրուկներ։
Միջոցառման երկրորդ հատվածում Ֆաբ Լաբ Հայաստանը ներկայացրել է, թե ինչպես կարող են ստեղծարար մոտեցումները և տեխնոլոգիական մտածողությունը կիրառվել կիբեռանվտանգության ոլորտում։ Աշակերտներին ցուցադրվել է «USB Shield» նախագիծը՝ սարք, որը նախատեսված է համակարգիչները վնասակար USB կրիչներից պաշտպանելու համար։
Հանդիպման ընթացքում ներկայացվել են նաև կրթական համակարգում ԱԲ գործիքների դրական կիրառության օրինակներ․ մասնակիցները սովորել են, թե ինչպես կարելի է ճանաչել ԱԲ ստեղծած նյութերը և ծանոթացել են օնլայն գործիքների հետ, որոնք կօգնեն տարբերակել կեղծ նյութերը:
Հանդիպման ավարտին աշակերտները պատասխանել են քննարկված թեմաներին առնչվող հարցերի, ինչը հնարավորություն է տվել գնահատել, թե ինչ գիտելիքներ և հմտություններ են նրանք ձեռք բերել և ինչպես են յուրացրել կիբեռանվտանգության հիմնարար սկզբունքները։
Կիբեռանվտանգության իրազեկման ծրագիրն իրականացվում է ՀՀ ԲՏԱ նախարարության և ՀՏՀԳ-ի համատեղ նախաձեռնությամբ և նպատակ ունի թե´ դպրոցականների, թե´ մեծահասակների շրջանում ձևավորել ավելի պաշտպանված, գիտակցված և պատասխանատու առցանց միջավայր։
Նշենք, որ 2026 թվականին նախատեսվում են մարզային նոր այցելություններ։