Բացել լրահոսը Փակել լրահոսը
Միքայել արքեպիսկոպոս Աջապահյան
A A
Քաղաքականություն

Դատախազը պահանջում է Շիրակի թեմի առաջնորդի պատիժը խստացնել

Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Աջապահյանին դատախազությունը պահանջում է դատապարտել 2 տարի 6 ամսվա ազատազրկման։

Այս մասին տեղեկանում ենք Դատալեքս տեղեկատվական համակարգից։

 Պաշտպանական կողմը բողոք է ներկայացրել եւ պահանջում է արդարացնել Շիրակի թեմի առաջնորդին։

Դատալեքս տեղեկատվական համակարգից տեղեկանում ենք, որ բողոքները կքննեն դատավորներ Էդգար Մանասյանը, Նարինե Հովակիմյանը եւ Վաչե Մարգարյանը։

Հիշեցնենք, որ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արմինե Մելիքսեթյանը այս տարվա հոկտեմբերի 3-ին Միքայել Աջապահյանին դատապարտեց  2 տարվա ազատազրկման։ Դատավորը նրան մեղավոր ճանաչեղ զանգվածային լրատվամիջոցների, տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների օգտագործմամբ իշխանությունը զավթելուն և սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչեր անելու համար։

Ըստ մեղադրանքի' այդ կոչերը նախ արվել էին 2024 թվականի փետրվարի 3-ին, ապա նաև 2025 թվականի հունիսի 21-ին ԶԼՄ-ների ներկայացուցիչներին տրված հարցազրույցների ժամանակ։ Մեղադրանքի հիմքում ընկած են երկու արտահայտություններ, որոնք որակվել են որպես ռազմական հեղաշրջում կատարելու կոչեր։ Պաշտպանական կողմը պնդում էր կոչ չի եղել։

Ըստ առաջադրված մեղադրանքի՝ Միքայել Աջապահյանին սպառնում էր տուգանք՝ քսանապատիկից հիսնապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներ՝ հարյուր հիսունից երկու հարյուր յոթանասուն ժամ տևողությամբ, կամ ազատության սահմանափակում՝ մեկից երեք տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկում՝ մեկից երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկում՝ երկուսից հինգ տարի ժամկետով: Սակայն դատավոր Արմինե Մելիքսեթյան խիստ պատժատեսակը ընտրեց։