Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Պաշտոնական

Խոտածածկ և բուսածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ ամփոփ տեղեկատվություն

 
Հանրապետության տարբեր հատվածներում հրշեջ-փրկարարները շարունակում են իրականացնել խոտածածկ և բուսածածկ տարածքներում հրդեհաշիջման աշխատանքներ։ Նրանց ինտենսիվ և համակարգված գործողությունների շնորհիվ հնարավոր է դարձել մարել ու մեկուսացնել հրդեհի բազմաթիվ օջախներ, իսկ մի շարք ուղղություններում աշխատանքները շարունակվում են նույն թափով։
 
Հրդեհաշիջման աշխատանքներն օպերատիվ ղեկավարելու նպատակով ձևավորված հրդեհաշիջման շտաբի աշխատանքները տեղում ղեկավարում է Փրկարար ծառայության տնօրեն-ներքին գործերի նախարարի տեղակալ, փ/ծ գեներալ-մայոր Կամո Ցուցուլյանը։
 
Լայնածավալ հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված են ՇՄՆ էկոպարեկային ծառայության շուրջ 400, ՆԳՆ ՓԾ կառուցվածքային և տարածքային ստորաբաժանումներից հազարից ավելի փրկարարական ծառայող, ովքեր շարունակաբար համագործակցում են Ոստիկանության, Պաշտպանության նախարարության հետ:
 
Այս օրերին հրդեհի ակտիվ օջախներում և կրակի մարման աշխատանքների վայրում են նաև Էկոպարեկային ծառայության պետ Վլադիմիր Կիրակոսյանը և պետի տեղակալ Մուրադ Նուրիջանյանը:
 
Հրշեջ-փրկարարների համակարգված ու համառ աշխատանքի շնորհիվ հաջողվել է մարել մի շարք տարածքներում բռնկված հրդեհները․
✅ Գեղարքունիքի մարզի Մարտունու Սպիտակասարի հատվածում, Վարդենյաց լեռնանցքում, Լճաշենի բնակավայրի մոտակայքում, Զոլաքար բնակավայրին հարակից սարում,
✅Լոռու մարզի Սպիտակի Լեռնանցքի, Լեռնաջուրի, Արևաշող բնակավայրի հարակից սարում, Սարատովկա-Նովոսելցովո հատվածներում, Գոգարան և Սարալանջ բնակավայրերին հարակից սարում, Ուրասար և Ծաղկաբեր բնակավայրերի մոտակայքում,
✅ Սյունիքի մարզի Իշխանասարի, Իշխանասար-Նորավանի հատվածներում, Քաջարանի Վերին Հանդ բնակավայրի մոտակայքում,
✅ Կոտայքի մարզի Հրազդանի Մաքրավան թաղամասի «Ձորքաշ» կոչվող տարածքում,
✅ Արագածոտնի մարզի Ապարանի ջրամբարի մոտակայքում։
✅ Տավուշի մարզի Դիլիջան «Կազաչի» հատվածում բռնկված հրդեհը մեկուսացված է: Նշված հատվածում և Շիրակի մարզ Ձորաշեն բնակավայրի մոտակայքում, Տավուշի մարզի Դիլիջանի ոլորաններին հարակից անտառում և Դիլիջանի «Լեռնային Արմենիա» հյուրանոցի մոտակայքում ինտենսիվ կերպով հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են:
 
Հրդեհների հետևանքով հիմնականում այրվել են խոտածածկ տարածքներ, արձանագրվել են ծառերի ջերմահարումներ։
Հրդեհաշիջման գործողություններին ակտիվորեն միացել են նաև հարակից համայնքների բնակիչները՝ աջակցելով փրկարարներին բարդ և պատասխանատու աշխատանքում։