Բացել լրահոսը Փակել լրահոսը
16228_am_1
A A
Պաշտոնական

Մհեր Գրիգորյանն ընդունել է Շվեյցարիայի նորանշանակ դեսպանին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Շվեյցարիայի Համադաշնության արտակարգ և լիազոր նորանշանակ դեսպան Անդրեա Բարբարա Բաումանին:

Հանդիպման սկզբում փոխվարչապետը շնորհավորել է դեսպանին նշանակման կապակցությամբ և մաղթել արդյունավետ աշխատանք:

Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Շվեյցարիա երկկողմ համագործակցության հնարավոր նոր ուղղությունները: Այս համատեքստում փոխվարչապետը կարևորել է երկկողմ առևտրատնտեսական կապերի ամրապնդման ուղղությամբ երկու երկրների համատեղ ջանքերի գործադրման անհրաժեշտությունը:

Մհեր Գրիգորյանը ընդգծել է Լոզանի հյուրանոցային կառավարման դպրոցի հետ համագործակցությամբ Գյումրիում Հայ-շվեյցարական հյուրընկալության ակադեմիայի բացման կարևորությունը և շնորհակալություն հայտնել տարիներ շարունակ Շվեյցարիայի կողմից Հայաստանում իրականացվող զարգացման ծրագրերի համար:

Անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային զարգացումներին ու Խաղաղության խաչմերուկ նախաձեռնությանը՝ կարևորելով տարածշրջանային կապակցվածությանն ամրապնդելու ուղղությամբ գործադրվող ջանքերը: