Բացել լրահոսը Փակել լրահոսը
_13A7634
A A
Պաշտոնական

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է անձնական տվյալների պաշտպանության համակարգի բարեփոխումների ընթացքը

Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են անձնական տվյալների պաշտպանության համակարգի բարեփոխումների ընթացքը։

 

Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը նախ մանրամասներ է ներկայացրել Անձնական տվյալների պաշտպանության գործակալության գործունեության ուղղությունների ու նպատակների վերաբերյալ, անդրադարձել անձնական տվյալների պաշտպանության ոլորտի հիմնական խնդիրներին ու մարտահրավերներին: Հաշվի առնելով առկա խնդիրները և բարեփոխումների իրականացման անհրաժեշտությունը՝ ներկայացվել է անձնական տվյալների պաշտպանության նոր անկախ լիազոր մարմնի ստեղծման հայեցակարգը, որի հիմքում կլինի գործող օրենսդրության և պրակտիկայի լավարկումը: Ընդգծվել է, որ իրականացվող բարեփոխումները կնպաստեն նաև ստանձնած միջազգային պարտավորությունների իրականացմանը, այդ թվում՝ ԵՄ–ի հետ վիզաների ազատականացման գործընթացին: Սրբուհի Գալյանը նշել է, որ հայեցակարգի մշակման հիմքում այլ վերլուծություններին զուգահեռ, ուսումնասիրվել է այլ երկրների փորձը ևս:

 

Հանդիպման մասնակիցները քննարկել են հայեցակարգի իրականացման գործողությունների ծրագրի, այդ թվում՝ կարիքների գնահատման, շահագրգիռ կողմերի ներգրավման, օրենսդրական փաթեթի մշակման հետ կապված հարցեր:

 

Վարչապետը կարևորել է միջազգային չափանիշներին համապատասխան, գործառնական և ինստիտուցիոնալ անկախությամբ անձնական տվյալների պաշտպանության լիազոր մարմնի ստեղծումը։ Երկրի ղեկավարի խոսքով՝ այն պետք է բարելավի անձնական տվյալների պաշտպանության իրավունքի ապահովման մակարդակը, նպաստի մասնագետների կարողությունների զարգացմանը և անձնական

տվյալների պաշտպանության վերաբերյալ հասարակության իրազեկման մակարդակի բարձրացմանը: