Ինչու Հայաստանը երբեք չի կարող Սինգապուր լինել. Վարդան Ջհանյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԶանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Վարդան Ջհանյանը պատմում է իր անցած ճանապարհի, կրթության արժեքի, աշխատասիրության և Հայաստանի հանդեպ ունեցած պարտքի զգացման մասին։
Ավելի քան կարիերա՝ հայրենադարձության պատմություն
«Մոտ 17 տարի ապրել եմ Ռուսաստանում, ընթացքում Հայաստան էի գալիս-գնալիս։ Ծառայել եմ հայոց բանակում։ Մոսկվայում գտնվելու ընթացքում Հայաստան տեղափոխվելու առաջարկ ստացա և այն ընդունեցի սիրով, որովհետև միշտ Հայաստանում ապրելու մեծ ցանկություն եմ ունեցել։ ԶՊՄԿ-ում աշխատելու առաջարկը ևս սիրով ընդունեցի։ Կնոջս և երեխաներիս հետ տեղափոխվեցինք Ագարակ քաղաք, արդեն 8 տարի է՝ ապրում և աշխատում եմ Հայաստանում»։
Ջհանյանը պատմում է՝ դեռ մանկուց ցանկացել է անել մի բան, որը կօգնի իր երկրին․
«Հիմա, երբ հետ եմ նայում, հասկանում եմ, որ ոչ միայն իմ կարիերան եմ կառուցում, այլ նաև օգնում եմ իմ երկրին»։
🎓 Կրթությունը՝ հաջողության առանցք
«Աշխատելուն զուգահեռ միշտ սովորել եմ։ Միջազգային կազմակերպություններում սկսել եմ ամենացածր պաշտոններից և ամեն անգամ աճ եմ գրանցել։
Իմ մոտիվացիայի աղբյուրը կինս էր․ նա ասաց՝ եթե ընտրել ես աշխատանքի հետ մեկտեղ կրթությունը, ընտրիր լավագույն միջազգային ծրագրերը։ Այդպես էլ արեցի»։
Վարդան Ջհանյանի խոսքով՝ կրթության արժեքը հասկացել է բանակից վերադառնալուց հետո․
«Դպրոցում երբեք գերազանցիկ չեմ եղել։ Բանակից հետո հասկացա, թե որքան բան եմ բաց թողել։ Խորհուրդ կտամ դպրոցականներին լուրջ վերաբերվել կրթությանը, որ հետո չսովորեն ընտանիքի ու աշխատանքի հաշվին»։
👥 Մարդկային որակներն են հաջողության բանալին
«Բարձր պաշտոններում աշխատելու համար ամենակարևորն է մարդկային հարաբերություններ կառուցելու ունակությունը։ Դա դժվար է սովորել դասընթացներով՝ դա գալիս է մարդու բնավորությունից ու արժեքներից»։
🙏 Բախտ, հավատ և ճիշտ պահ
«Բախտին հավատում եմ, թեև նախընտրում եմ ասել՝ Աստծո կամք։ Հավատում եմ նաև ճիշտ ժամանակին ճիշտ տեղում հայտնվելուն»։
⚙️ ԶՊՄԿ-ն՝ տնտեսության հենասյուներից մեկը
Վարդան Ջհանյանի խոսքով՝
«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը մի քանի տարի շարունակ առաջին տեղում է Հայաստանի խոշոր հարկ վճարողների ցանկում։ Առհասարակ, այս ոլորտում առաջիկա երեք տարում կարող ենք ունենալ մինչև 3 միլիարդ դոլարի արտահանում»։
Նա շեշտում է՝
«Հայաստանը երբեք Սինգապուր չի դառնա՝ իր աշխարհագրական դիրքի պատճառով, բայց կարող է դառնալ հզոր արդյունաբերական երկիր։ Օրինակ՝ ԶՊՄԿ-ն վճարում է ավելի շատ հարկ, քան բոլոր ՏՏ կազմակերպությունները՝ միասին վերցրած»։
Վարդան Ջհանյանը հավատում է, որ կրթված ու ստեղծագործ մտածող մարդիկ են ապահովում երկրի զարգացումը, իսկ արդյունաբերությունն ու տեխնոլոգիաները՝ դրա ամրությունը։
«Եթե յուրաքանչյուրն իր տեղում անի առավելագույնը, Հայաստանն անպայման կհաղթահարի բոլոր դժվարությունները»։