Բացել լրահոսը Փակել լրահոսը
_BC_1527
A A
Պաշտոնական

Պետական և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից իրականացվող ծանուցումները նախատեսվում է  իրականացնել բացառապես էլեկտրոնային եղանակով

Պետական և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից իրականացվող ծանուցումները նախատեսվում է  իրականացնել բացառապես էլեկտրոնային եղանակով

 

Կառավարությունը հավանություն է տվել «Ինտերնետով հրապարակային և անհատական ծանուցման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի և հարակից օրենքների նախագծերին  և այն համարել անհետաձգելի: Նախագծով առաջարկվում է պետական և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից իրականացվող ծանուցումները ֆիզիկական, ինչպես նաև իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերին իրականացնել բացառապես էլեկտրոնային եղանակով: Որպես էլեկտրոնային եղանակ նախագծով առաջարկվում է ֆիզիկական անձանց համար ծանուցումներ ստանալու միջոցը սահմանել ֆիզիկական անձանց պաշտոնական էլեկտրոնային փոստը, որին տրվում է նոր ձևակերպում ««Ինտերնետով հրապարակային և անհատական ծանուցման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծում, իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի համար Հարկային օրենսգրքով սահմանված հարկային մարմնի հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային կառավարման համակարգի անձնական էջը: Նախագծով իրավաբանական անձիք և անհատ ձեռնարկատերերը համարվելու են պատշաճ ծանուցված ծանուցումը ՀՀ հարկային օրենսգրքով սահմանված հարկային մարմնի հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային կառավարման համակարգի անձնական էջում տեղադրվելու օրվան հաջորդող երրորդ օրվանից: Եթե իրավաբանական անձին կամ անհատ ձեռնարկատիրոջն ուղարկված ծանուցումը տեղադրվելուց երեք օր հետո բացակայում է հարկային մարմնի հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային կառավարման համակարգի անձնական էջ մուտք գործելու վերաբերյալ էլեկտրոնային հավաստումը, ապա ծանուցումն իրականացվում է հրապարակային ծանուցման միջոցով, որի դեպքում իրավաբանական անձը կամ անհատ ձեռնարկատերը համարվում է պատշաճ ծանուցված ՀՀ հրապարակային ծանուցումների պաշտոնական կայքում տեղադրվելու օրվանից հետո՝ հինգերորդ օրը: Նախագծով ֆիզիկական անձիք համարվում են պատշաճ ծանուցված պաշտոնական էլեկտրոնային փոստ մուտք գործելու օրվանից: Եթե ֆիզիկական անձին ուղարկված ծանուցումը պաշտոնական էլեկտրոնային փոստում տեղադրվելուց երեք օր հետո բացակայում է ֆիզիկական անձի կողմից պաշտոնական էլեկտրոնային փոստ մուտք գործելու վերաբերյալ էլեկտրոնային հավաստումը, ապա ծանուցումը «Փոստային կապի մասին» օրենքով սահմանված հիբրիդային առաքանու միջոցով պատվիրված նամակով ուղարկվում է անձի հաշվառման հասցեով: Փոստային պատվիրված նամակը ֆիզիկական անձին ուղարկելուց յոթ օր հետո, եթե բացակայում է նամակը հանձնված լինելը հաստատող փաստաթղթային կամ էլեկտրոնային հավաստումը, այդ թվում՝ երբ ֆիզիկական անձը հրաժարվում է փոստային պատվիրված նամակը ստանալուց, ապա ծանուցումն իրականացվում է հրապարակային ծանուցման միջոցով: Եթե առկա է ֆիզիկական անձի կողմից տրված գրավոր համաձայնություն կամ պաշտոնական էլեկտրոնային փոստի միջոցով տրված համաձայնություն կամ «Բնակչության պետական ռեգիստրի մասին» օրենքով սահմանված՝ նույնականացման քարտի ու հանրային ծառայությունների համարանիշի հետ փոխկապակցված թվային հաղորդակցության միջոցում տրված համաձայնություն, որով հստակ հավաստվում է, որ անձը համաձայն է ծանուցումները ստանալ բացառապես իր պաշտոնական էլեկտրոնային փոստի միջոցով, ապա ֆիզիկական անձը համարվում է պատշաճ ծանուցված ծանուցումը պաշտոնական էլեկտրոնային փոստում տեղադրվելու օրվան հաջորդող երրորդ օրվանից: Համաձայն նախագծի՝ Անհատական և հրապարակային ծանուցումը տեղադրելը, Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված հարկային մարմնի հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային կառավարման համակարգի անձնական էջ և պաշտոնական էլեկտրոնային փոստ մուտք գործելը և ծանուցումը կարդալը հավաստելու, ծանուցման հետ ցանկացած գործողություն կատարելու վերաբերյալ տեղեկությունները հաշվառելու (լոգավորման) և լոգերը պահպանելու կարգը սահմանում է Կառավարությունը: Նախագծով սահմանվում է, որ ծանուցման վերաբերյալ անձանց կողմից տրամադրված էլեկտրոնային փոստին ուղարկվում է տեղեկացում: Նախագծով՝ պետական և տեղական ինքնակառավարման մարմինների միջև ծանուցումները իրականացվում են պաշտոնական էլեկտրոնային փոստի միջոցով, եթե այլ՝ էլեկտրոնային ծանուցման կարգ նախատեսված չէ օրենքով կամ այդ մարմինների միջև առկա չէ էլեկտրոնային հաղորդակցության այլ կարգ։ Իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերին հնարավորություն է տրվում իրականացնելու ծանուցում էլեկտրոնային եղանակով այլ իրավաբանական և ֆիզիկական անձանց ու անհատ ձեռնարկատերերին, եթե վերջիններս միացած են «Հանրային տեղեկությունների մասին» օրենքով սահմանված տվյալների փոխանակման շերտին: Եթե առկա է ֆիզիկական անձի կողմից տրված գրավոր համաձայնություն կամ պաշտոնական էլեկտրոնային փոստի միջոցով տրված համաձայնություն կամ «Բնակչության պետական ռեգիստրի մասին» օրենքով սահմանված՝ նույնականացման քարտի ու հանրային ծառայությունների համարանիշի հետ փոխկապակցված թվային հաղորդակցության միջոցում տրված համաձայնություն, որով հստակ հավաստվում է, որ անձը համաձայն է ծանուցումները ստանալ բացառապես իր պաշտոնական էլեկտրոնային փոստի միջոցով, ապա ֆիզիկական անձը համարվում է պատշաճ ծանուցված ծանուցումը պաշտոնական էլեկտրոնային փոստում տեղադրվելու օրվան հաջորդող երրորդ օրվանից՝ անկախ պաշտոնական էլեկտրոնային փոստ մուտք գործելու կամ ծանուցումը կարդալու մասին էլեկտրոնային հավաստման առկայությունից:

 

Նախագծով նախատեսվում է, որ ծանուցումների համակարգը կգործի 2026 թվականի հունվարի 1-ից:

 

Կարևորելով ընդունված որոշումը՝  Նիկոլ Փաշինյանը նշել է, որ այս նախագիծը նշանակում է, որ Հայաստանի Հանրապետությունում դե յուրե վերացվում է «ես ծանուցված չեմ» հասկացությունը։  «Եթե օբյեկտիվորեն և ողջամտորեն նայենք այս սխեմային, ըստ էության, տարբերակ չկա, որ մարդը նաև դե ֆակտո ծանուցված չլինի: Խնդիրն այն է, որ մինչև հիմա մենք բազմաթիվ իրավիճակների ենք բախվում, երբ մարդը դե ֆակտո ծանուցված է, բայց պետական մարմինները չեն կարողանում դե յուրե ապացուցել, որ անձը ծանուցված է: Սա տարբեր խնդիրներ է առաջացնում, և կարծում եմ, որ սա շատ էական և կարևոր փոփոխություն է»,- ասել է վարչապետը:

 

Թեմայի շուրջ ծավալվել է մտքերի շահագրգիռ փոխանակություն, ներկայացվել են մի շարք հարցադրումներ, դիտարկումներ և առաջարկություններ: Նշվել է, որ այս համակարգը կկրճատի նաև թղթաբանությունը, այդ թվում՝ դրա հետ կապված ծախսերը: Այս համատեքստում վարչապետը ներկայացրել է նաև վիճակագրություն, համաձայն որի՝ 4-5 միլիարդ դրամ տարեկան միայն թղթային ծանուցումների համար է ծախսվում: