Քաղաքապետարան․ Գնունու շուկայի կրպակները կառուցվել են առանց համապատասխան թույլտվության
Աջակցիր «Ա1+»-ինՀոկտեմբերի 1-ի առավոտից մայրաքաղաքում իրականացվում են ապամոնտաժման աշխատանքներ Գնունու շուկա կոչվող հատվածում։ Աշխատանքներն իրականացվում են Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի որոշմամբ։
Որոշման մեջ նշվում է, որ Վարդանանց փողոցի` Ա.Մանուկյան և Ս.Վրացյան փողոցների միջնամասում գտնվող, Երևան համայնքին պատկանող հողամասում, առանց հողօգտագործման իրավունքի և առանց համապատասխան թույլտվության, իրականացվել են շինությունների (կրպակների, տաղավարների) կառուցման և/կամ տեղադրման շինարարական աշխատանքներ։
«Հանձնարարել Երևանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավարին, սույն որոշմամբ նախատեսված ապամոնտաժման (քանդման) ու դրան զուգորդող այլ աշխատանքների իրականացման հետ կապված ծախսերը դատական կարգով բռնագանձել ինքնակամ կառույցն իրականացրած անձից: Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից»,–ասվում է որոշման մեջ։
Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Երևանի քաղաքապետարանի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության պետի տեղակալ Ռուբեն Խոջայանը, անդրադառնալով Գնունու փողոցում շինանյութի շուկայի քանդմանը, հայտարարել է, որ Գնունու շուկայի ապամոնտաժման աշխատանքների վերաբերյալ քաղաքապետարանը 3-4 ամիս բանակցել է տնտեսվարողների հետ։