Պետության կողմից շարունակվում է գնահատված անհատական կարիքների հիման վրա խնամքի ծառայությունների տրամադրման գործընթացը․ Թորոսյան
Աջակցիր «Ա1+»-ինԱՍՀ նախարար Արսեն Թորոսյանի ուղերձը՝ Տարեցների միջազգային օրվա առթիվ
Ավագ սերնդի հարգելի՛ ներկայացուցիչներ,
հոկտեմբերի 1-ը նշվում է որպես Տարեցների միջազգային օր․ սա ևս մեկ հնարավորություն է՝ վերահաստատելու, որ մեր հասարակության ամենափորձառու սերունդը ոչ միայն կենսափորձի և գիտելիքի արժեքավոր կրող է, այլև ունի լիարժեք ներուժ՝ մասնակցելու մեր երկրի շարունակական զարգացման և հզորացման գործընթացին։
Տարեցների հիմնախնդիրների ոլորտում պետության կողմից իրականացվող քաղաքականության հիմքում այնպիսի ծրագրերի իրականացումն է, որոնք միտված են ապահովելու ավագ սերնդի ներկայացուցիչների արժանապատիվ ծերությունը, առողջ և ակտիվ ապրելակերպը, զբաղվածությունն ու համայնքային ներգրավվածությունը։
Այս առաջնահերթությունները ներառված են նաև ՀՀ ժողովրդագրական իրավիճակի բարելավման 2024–2040 թթ. ռազմավարությունում և Զբաղվածության 2025–2031 թթ. ռազմավարական ծրագրում, որոնցում սահմանված են միջոցառումներ՝ ավագ սերնդի ներկայացուցիչների ակտիվ երկարակեցության և կենսագործունեության խթանման համար։
Միաժամանակ, պետության կողմից շարունակվում է գնահատված անհատական կարիքների հիման վրա խնամքի ծառայությունների տրամադրման գործընթացը։
Ավագ սերնդի հարգելի՛ ներկայացուցիչներ,
շնորհավորում եմ բոլորիդ օրվա կապակցությամբ՝ մաղթելով առողջություն և բարօրություն։