Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Պաշտոնական

Մարզային որևէ բժշկական կենտրոն չի փակվելու, չի կրճատվելու․ Ավանեսյան (տեսանյութ)

Տեղի է ունեցել առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի մամուլի ասուլիսը:
 
Երկու հիմնական թեմաներից մեկը վերաբերում էր մարզային բժշկական կենտրոններին:
 
 «Մարզային որևէ բժշկական կենտրոն չի փակվելու, չի կրճատվելու, ավելին` շարունակելու ենք կառուցել, վերակառուցել ու վերազինել: Փոփոխությունը զուտ վարչական ու կառավարչական է լինելու»,- նշել է Անահիտ Ավանեսյանը:
Նախարարը վստահեցրել է, որ բոլոր համայնքների բնակիչները շարունակելու են բուժսպասարկում ստանալ իրենց իսկ համայնքում և այն նույն շենքում, որտեղ մինչև այս պահը գործում են այդ բուժհաստատությունները:
«2026 թվականից փուլ առ փուլ ներդրվելու է առողջության համապարփակ ապահովագրությունը»,- վստահեցրել է նախարարը. այն արդեն ներառված է 2026 թվականի պետական բյուջեում:
 
Ասուլիսին Անահիտ Ավանեսյանը ներկայացրել է ապահովագրության հետ կապված մանրամասները` թե ովքեր են լինելու առաջին փուլով ապահովագրվողները, որքան է արժենալու ապահովագրության բազային փաթեթը, ինչպես են ընտրվել այն հիվանդությունների ցանկը, որոնց դեպքում գործելու է ապահովագրությունը, ով է փոխհատուցելու սոցիալական խմբերի ապահովագրության գումարը: Նա ասել է, որ Հայաստանում առողջության համապարփակ ապահովագրության համակարգի ներդրումը նախատեսվում է իրականացնել 3 փուլով՝ մեկնարկելով 2026 թվականին և ավարտելով 2028-ին։  

«2026 թվականին առաջին փուլում ապահովագրության համակարգում կներառվեն մինչև 18տ․ երեխաները, 65 տարին լրացած քաղաքացիները, 18-65տ․ հաշմանդամություն ունեցող քաղաքացիները, անապահովության 28 և ավելի բալ ունեցող քաղաքացիները, 200 հազար դրամից ավելի ամսական եկամուտ, աշխատավարձ և այլ եկամուտներ ունեցող անձինք»,- ասել է նախարարը։

Ավանեսյանի խոսքով՝ առաջին փուլի շահառու կլինի մոտ 1 միլիոն 600 հազար քաղաքացի, ովքեր վերջին 183 օրն ապրել են Հայաստանի տարածքում։

Համակարգի երկրորդ փուլը նախատեսվում է սկսել 2027 թվականին, իսկ երրորդ՝ եզրափակիչ փուլը՝ 2028-ին։ Ապահովագրության տարեկան փաթեթի արժեքը կկազմի 129,600 դրամ։

«Ներառվելու են կանխարգելիչ, վաղ հայտնաբերմանն ուղղված սկրինինգային ծրագրերը, հիվանդանոցային ծրագրերը, դեղորայքային ապահովումը, շտապօգնության ծառայությունները, և այս ծառայությունները կառավարության որոշմամբ հստակ սահմանվելու են»,– ընդգծել է նախարարը։

Ավանեսյանը հավելել է, որ համապարփակ ապահովագրական համակարգի ներդրումը նպատակ ունի հաղթահարել բժշկական ծառայություններից թերօգտվելու խնդիրը։