Բացել լրահոսը Փակել լրահոսը
mlsa - 1 (1)
A A
Պաշտոնական

Տեղահանված ընտանիքների բնակարանային հավաստագրերի ժամկետը երկարաձգվել է

Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքների բնակապահովման ծրագրի շրջանակում տրամադրված հավաստագրերի գործողության ժամկետը երկարացվել է մինչև 2028 թ. դեկտեմբերի 31-ը

 

Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի շրջանակում տրամադրված հավաստագրերի գործողության ժամկետը երկարաձգվել է մինչև 2028 թվականի դեկտեմբերի 31-ը։ Ծրագրի շրջանակում այս պահի դրությամբ հավաստագիր է ստացել 2823 ընտանիք, որից 907-ն արդեն իրացրել է հավաստագիրը։

Հիշեցնենք, որ բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագիրն իրականացվում է աջակցության հետևյալ եղանակներից որևէ մեկի ձևով՝

· բնակարանի (կառուցվող շենքից բնակարան գնելու իրավունքի) կամ անհատական բնակելի տան ձեռքբերման հավաստագրի տրամադրում,

· անհատական բնակելի տան կառուցման հավաստագրի տրամադրում,

· գործող հիփոթեքային վարկի մարման աջակցություն։

Ծրագրի շրջանակում աջակցությունը տրվում է ընտանիքի յուրաքանչյուր անդամի՝ 3-ից 5 մլն դրամի շրջանակում։

Միջոցառման շահառու կարող են դառնալ այն ընտանիքները, ովքեր՝

· տեղահանվել են 2020 թվականի սեպտեմբերի 27-ից հետո,

· ունեն Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն,

· չունեն սեփականություն,

· չեն հանդիսանում Ղարաբաղի առանձին շրջաններից տեղահանված ընտանիքների համար բնակարանային մատչելիության ապահովման և Սահմանամերձ բնակավայրերում ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրերի շահառու։

Ծրագրից օգտվելու համար անհրաժեշտ է դիմում ներկայացնել https://housing.socservice.am/ հարթակում։

 

 

 

ՀՀ ԱՍՀՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԲԱԺԻՆ