Բացել լրահոսը Փակել լրահոսը
_BC_0100 (1)
A A
Պաշտոնական

Վարչապետն այցելել է «Սրբազան երկխոսություն․ Լուվրից Հայաստանի պատմության թանգարան» խորագրով միջազգային ցուցահանդես (տեսանյութ)

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Հայաստանի պատմության թանգարան, որտեղ ծանոթացել է «Սրբազան երկխոսություն․ Լուվրից Հայաստանի պատմության թանգարան» խորագրով միջազգային ցուցահանդեսին ներկայացված նմուշներին:

 

Ցուցահանդեսի բացմանը ներկա են եղել նաև Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին, Լուվրի թանգարանի նախագահ-տնօրեն Լորանս դե Կարը և Հայաստանի պատմության թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանը։

 

Ցուցահանդեսը բացվել է ՀՀ անկախության տոնին՝ Հայաստանի պատմության թանգարանի և Փարիզի Լուվրի թանգարանի համագործակցությամբ, ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ։

 

Լուվրի թանգարանի հավաքածուից տասնվեց ուշագրավ արևելաքրիստոնեական գլուխգործոց երկխոսության ձևաչափով ցուցադրված է Հայաստանի պատմության թանգարանի հարուստ հավաքածուներից հատուկ առանձնացված ընտրանու հետ: Ներկայացված են 4-րդ դարից մինչև 19-րդ դարն ընդգրկող գլուխգործոցներ՝ ապակու և փայտարվեստի օրինակներ, քարից քանդակներ՝ խաչքարեր, ճարտարապետական բեկորներ, ոսկերչական բացառիկ աշխատանքներ, ինչպես նաև եկեղեցական հանդերձանք, վարագույրներ, սպասք և սրբապատկերներ:

 

Երկու հավաքածուների համատեղ ցուցադրությունը նպատակ ունի ընդգծելու Հայաստանի և քրիստոնյա Արևելքի բազմադարյա գեղարվեստական ժառանգության ամբողջ հարստությունն ու բազմազանությունը։ Ըստ կազմակերպիչների՝

ցուցահանդեսով սկիզբ է դրվելու Հայաստանի պատմության թանգարանի և Լուվրի թանգարանի համագործակցության նոր ձևաչափին՝ հիմնված անցյալ տարի երկու հաստատությունների միջև կնքված հուշագրի վրա։

 

Ցուցադրությունը կգործի մինչև 2026 թվականի մարտի 21-ը։