Տնտեսագիտական համալսարանում կայացավ Աշխատանքի տոնավաճառ՝ բոլոր աշխատանք փնտրողների համար
Աջակցիր «Ա1+»-ինՍեպտեմբերի 19-ին Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի բակում 5-րդ անգամ կայացավ սպասված և սիրված Աշխատանքի տոնավաճառը՝ գործատուների հետ անմիջական շփման և աշխատաշուկային ինտեգրման կարևոր հարթակ դառնալով ուսանողների, շրջանավարտների և աշխատանք փնտրողների համար, հայտնում են համալսարանից։
Տոնավաճառին մասնակցեցին պետական և մասնավոր հատվածի ավելի քան 60 առաջատար գործատուներ՝ նախարարություններ, պետական կառույցներ, բանկեր, ապահովագրական և վարկային կազմակերպություններ, կրթական, հաշվապահական, աուդիտորական, տեղեկատվական տեխնոլոգիաների և հեռահաղորդակցության ոլորտներ ներկայացնող ընկերություններ։ Ընդհանուր առմամբ, միջոցառմանը մասնակցեցին ավելի քան 5000 աշխատանք փնտրողներ՝ ծանոթանալով աշխատաշուկայի հնարավորություններին և անմիջական շփում ունենալով գործատուների հետ։
Տոնավաճառին ներկա էր նաև ՀՊՏՀ ռեկտոր Արմեն Գրիգորյանը։ Վերջինս շրջեց տաղավարներով, հանդիպեց գործատուների և ուսանողների հետ, ծանոթացավ թափուր հաստիքներին և փորձառության առաջարկներին։
Իսկ տաղավարներում եռուզեռ էր․ ուսանողները բացահայտում էին աշխատանքի և կարիերայի հնարավորությունները, խորհրդակցում և փոխանակում անձնական տվյալներ։
ՀՀ պետական եկամուտների կոմիտեն ուսանողներին էր ներկայացնում աշխատանքի անցնելու իր համակարգը։ Ինչպես ընդգծեց ՊԵԿ անձնակազմի կառավարման վարչության ավագ մասնագետ Արփինե Եղիազարյանը, հարկային և մաքսային ծառայությունների ոլորտում աշխատելու համար կոմիտեն կազմակերպում է նախապատրաստական դասընթացներ։ Դրանց ավարտին շնորհված հավաստագիրը հիմք է ծառայում դիմելու ՊԵԿ-ում առկա թափուր հաստիքների մրցույթին։
Ինեկոբանկի աշխատակից Նանե Հովսեփյանի խոսքով՝ այսօր տոնավաճառ բերված թափուր հաստիքների շարքում պահանջվում են ֆինանսական խորհրդատու և գանձապահ, ինչպես նաև ներկայացվում են փորձառության գրավիչ առաջարկներ։
Կենսաչափական ծառայություններ մատուցող «Գուրուս» ընկերությունը այս անգամ ևս ներկայացել էր հագեցած տաղավարով։ Ընկերության HR մենեջեր Անի Խաչատրյանը նշեց, որ սկսնակ աշխատակիցներն իրենց մոտ հնարավորություն են ստանում համագործակցելու փորձառու ծրագրավորողների թիմի հետ, աշխատանք գտնելու նաև միջազգային շուկայում։
Աշխատանքի տոնավաճառը ոչ միայն հնարավորություն տվեց դիմելու կոնկրետ աշխատատեղերի համար, ծանոթանալու գործատուների առաջարկներին, այլև օգնեց հասկանալ, թե մասնագիտական զարգացման և մրցակցության հաղթահարման ճանապարհին ինչ գիտելիքով և հմտություններով է անհրաժեշտ զինվել։