Բացել լրահոսը Փակել լրահոսը
շտապօգնություն
A A
Պաշտոնական

Հայաստանում բուժաշխատողի նկատմամբ բռնությունը կքրեականացվի

Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի՝ սեպտեմբերի 3-ի նիստում առաջին ընթերցմամբ քննարկվել է պատգամավոր Հասմիկ Հակոբյանի հեղինակած «ՀՀ քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը: Նպատակն է բուժաշխատողների նկատմամբ իրականացվող ոտնձգությունների կանխումը, անվտանգության ապահովումը եւ գործող օրենսդրության բացի լրացումն ու համապատասխանեցումը միջազգային չափանիշներին:

Մասնավորապես, առաջարկվում է բուժաշխատողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելը պատժել տուգանքով` առավելագույնը նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով` առավելագույնը հարյուր ժամ տեւողությամբ, կամ ազատության սահմանափակմամբ` առավելագույնը մեկ տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ` առավելագույնը մեկ ամիս ժամկետով:

Բուժաշխատողի մասնագիտական օրինական գործունեությունը բռնություն գործադրելու սպառնալիքով խոչընդոտելու դեպքում առաջարկվում է տուգանք` առավելագույնը նվազագույն աշխատավարձի քսանապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով` հարյուրից երկու հարյուր ժամ տեւողությամբ, կամ ազատության սահմանափակմամբ` առավելագույնը երկու տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը երկու տարի ժամկետով:

Հասմիկ Հակոբյանի ներկայացմամբ  ՆԳՆ վիճակագրական տվյալների համաձայն՝ 2023-2025 թվականներին բուժաշխատողների բռնության 27 դեպք է արձանագրվել:

Հիմնական զեկուցողն առաջարկել է կողմ քվեարկել օրենքի նախագծին՝ պատասխանելով նաեւ պատգամավորների հարցերին:

Հարակից զեկուցող, հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը կարեւորել է նախագծի ընդունման անհրաժեշտությունը՝ ընդգծելով հարցի արդիականությունը:

ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Գեւորգ Քոչարյանը ներկայացրել է Կառավարության դրական եզրակացությունը նախագծի վերաբերյալ:

Ելույթներում պատգամավորները կարեւորել են լրացումները՝ առաջարկելով նախագծում առկա խոցելի դրույթները քննարկել եւ հստակեցնել առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում:

Եզրափակիչ ելույթում Հասմիկ Հակոբյանն ընդգծել է, որ բժիշկներն ունեն հավելյալ երաշխիքների կարիք: Նա պատրաստակամություն է հայտնել առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում քննարկել ներկայացված դիտարկումներն ու առաջարկները:

Նախագիծը ստացել է դրական եզրակացություն:

Կառավարության հեղինակած «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի քննարկումը հետաձգվել է: