Երկարաժամկետ ներդրումների հնարավորություն կտրվի արոտավայրերի վարձակալման համար
Աջակցիր «Ա1+»-ինՆերդրումային ծրագրերի իրականացման նպատակով նախագծով առաջարկվում է պետության եւ համայնքների սեփականությանը պատկանող հողերի (արոտավայրերի) նկատմամբ դիտարկել երկարաժամկետ վարձակալության տրամադրումը: Միաժամանակ, վարձակալի համար սահմանել հողերի պահպանությանն ուղղված միջոցառումներն իրականացնելու եւ այն ըստ գործառնական նշանակության օգտագործելու պարտավորություններ:
Այս մասին ասել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Էդգար Զաքարյանը՝ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի՝ սեպտեմբերի 3-ին հրավիրած նիստի ժամանակ ներկայացնելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում առաջարկվող լրացումները:
Փոխնախարարի խոսքով առաջարկվող փոփոխությունները թույլ կտան ընդլայնել ներդրումային ծրագրերի իրականացմանն աջակցելու հնարավորությունները՝ հողամասերի հանրային օգտակարության բարձրացման եւ պետական մարմինների ու ենթակա պետական մարմինների տնօրինությանը հանձնված հողամասերի արդյունավետ կառավարման շնորհիվ:
Օրենքի նախագիծը ստացել է դրական եզրակացություն: