Բացել լրահոսը Փակել լրահոսը
photo (6)
A A
Պաշտոնական

«ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը հանձնաժողովում ստացել է բացասական եզրակացություն

Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի՝ սեպտեմբերի 3-ի նիստում առաջին ընթերցմամբ քննարկվել է ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության հեղինակած «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը:

Մասնավորապես, ՀՀ 2021 թվականի մայիսի 5-ի քրեական օրենսգրքի 136-րդ հոդվածն առաջարկվում է  շարադրել հետեւյալ խմբագրմամբ. «Հայոց ցեղասպանությունը, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության կողմից կամ միջազգայնորեն ճանաչված ցեղասպանությունը կամ մարդկայնության դեմ ուղղված հանցագործությունները հրապարակայնորեն հերքելը, մեղմացնելը, հավանության տալը, արդարացնելը կամ դրանց վտանգավորությունը նսեմացնելը պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երեքհարյուրապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով՝ հարյուր հիսունից երկու հարյուր հիսուն ժամ տեւողությամբ, կամ ազատության սահմանափակմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ՝ մեկից երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը չորս տարի ժամկետով»:

«Առաջարկվող փոփոխության տրամաբանությունն այն է, որ մենք պարտավոր ենք իրավունքներն առնվազն մեր օրենսդրության շրջանակում ավելի պաշտպանված դարձնել»,- ասել է հիմնական զեկուցող Արծվիկ Մինասյանը: Նա  նշել է, որ բազմաթիվ են դեպքերը, երբ անձինք պարզապես հերքում են Հայոց ցեղասպանության փաստը:

«Ոչ ոք Հայոց ցեղասպանությունը ՀՀ-ում չի հերքել, չի հերքում եւ չի էլ հերքելու: Հայոց ցեղասպանությունը մեզանից յուրաքանչյուրի կոլեկտիվ հիշողության մասն է»,- ասել է հարակից զեկուցող, հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը՝ ընդգծելով, որ շատ վտանգավոր է, երբ փորձում են սահմանափակել այն ձեւակերպումները, որոնք կան: «Հայոց ցեղասպանության հերքումը քրեականացված է, քրեականացված է Եվրոպական դատարանի չափանիշների շրջանակներում, քրեականացված է այն ձեւով եւ այն եղանակով, որ անհրաժեշտ է, որպեսզի Հայոց ցեղասպանությունը որեւիցե մեկը չհերքի, եւ որեւիցե փոփոխություն անելու կարիք չկա»,- շեշտել է հանձնաժողովի նախագահը: Նա նշել է, որ ՀՀ-ում չկա Հայոց ցեղասպանության հերքման որեւիցե վտանգ եւ չի լինելու: Ընդգծելով, որ նախագիծը վերաբերում է մի հանցակազմի, որն արդեն իսկ ավելի լայն շրջանակով քրեականացված է, Վլադիմիր Վարդանյանն առաջարկել է հավանություն չտալ օրենսդրական նախաձեռնությանը:

Հարակից զեկույցով հանդես է եկել նաեւ ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Գեւորգ Քոչարյանը՝ ներկայացնելով Կառավարության տեսակետը. նախագծով առաջարկվող փոփոխությունների նպատակահարմարությունը բացակայում է:

Օրենքի նախագիծը ստացել է բացասական եզրակացություն: Ըստ հանձնաժողովի՝ ներկայացված նախագծի անհրաժեշտությունը բացակայում է, քանի որ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 136-րդ հոդվածն արդեն իսկ նախատեսում է նախաձեռնությամբ ներկայացված արարքի քրեականացում: