Կապանում ԱԳՆ-ն ներկայացրել է ՀՀ-ի արտաքին օրակարգը՝ ներառյալ ՌԴ-ի և ասիական երկրների հետ փոխգործակցությունը
Աջակցիր «Ա1+»-ինԿապանում անցկացվող դեսպանաժողովի շրջանակում Արտաքին գործերի նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանի հետ քննարկում է եղել, որի ընթացքում անդրադարձ է կատարվել Եվրասիական տարածաշրջանի երկրների հետ գործակցության ուղղություններին, իսկ զուգահեռ քննարկվել են Հայաստանի և Ռուսաստանի միջև առկա օրակարգային հարցերը։ Այդ մասին հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը։
Նշվել է, որ հարավ-արևելյան Ասիայի և խաղաղ-օվկիանոսյան տարածաշրջանի պետությունների հետ ակտիվ քաղաքական երկխոսության արդյունքում արձանագրվել են նկատելի ձեռքբերումներ՝ այդ թվում ռազմավարական գործընկերությունների խորացման հարցում։ Ընդգծվել է, որ ձևավորվել է շփումների նոր օրակարգ, որը ներառում է Չինաստանի, Ճապոնիայի և Հնդկաստանի հետ առաջիկա գործակցությունները։ Քննարկվել է նաև Շանհայի համագործակցության կազմակերպությունում Հայաստանի անդամակցության հայտի թեման։
Կենտրոնական Ասիայի և հեռավոր Արևելքի երկրների հետ համագործակցության հնարավորությունների բացահայտումն, ըստ ներկաների, կարևոր է տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակման հնարավորություններն առավել արդյունավետ օգտագործելու համար։ Այս համատեքստում ուշադրություն է դարձվել Ղազախստանի հետ ակտիվ երկխոսությանը։
Սաֆարյանը կարևորել է տնտեսական դիվանագիտության բաղադրիչի ակտիվացումը՝ հատկապես հարավ-արևելյան Ասիայի երկրների հետ կապերի խորացման համատեքստում։
Քննարկվել են նաև տարածաշրջանային զարգացումների միտումները և փոխշահավետ ու ռազմավարական համագործակցությունների ձևավորման հեռանկարները։