ՀՀ-ն ապաշրջափակվում է․ Փաշինյանը Վաշինգտոնից պատասխանել է լրագրողների հարցերին (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՀՀ-ն ապաշրջափակվում է, Ադրբեջանն իր հերթին հնարավորություն է ստանում Հայաստանի տարածքով հուսալի կապ ունենալ Նախիջևանի հետ։ Այդ մասին այսօր Վաշինգտոնում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հայկական ԶԼՄ-ների՝ նախապես ուղարկված հարցերին։
«Հայաստանը հնարավորություն է ունենում Ադրբեջանի տարածքով և Նախիջևանի տարածքով Սյունիքի մարզի հետ երկաթուղային կապ ունենալ։ ՀՀ-ն ստանում է հասանելիություն միջազգային երկաթուղային ցանցին դեպի Ռուսաստան, դեպի Իրան, դեպի Կենտրոնական Ասիա, Չինաստան»,- ասաց նա։
Վարչապետի խոսքով՝ եթե Հայաստանի և Ադրբեջանի տասնյակ հազարավոր քաղաքացիներ օգտվեն միմյանց տրանսպորտային ենթակառուցվածքներից, սկսվի այդ թվում՝ նաև երկկողմ առևտուրը, դա կլինի անվտանգության, խաղաղության և կայունության ամենահուսալի երաշխիքներից մեկը։
«Շատ հետաքրքիր նախագծեր են լինելու՝ գազամուղ, նավթամուղ, էլեկտրահաղորդման գծեր, ինտերնետային մալուխներ և այլն։ Բայց ինչ էլ տեղի ունենա, խողովակը լինի գազի, թե նավթի, սպիտակ ներկած լինի օրինակ, թե սև, պետք է գործի ՀՀ ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, իրավազորության շրջանակներում»,- ասաց նա։
Դիմելով ՀՀ քաղաքացիներին՝ վարչապետն ասաց․
«Մենք իրար հետ շատ բարդ ճանապարհ ենք անցել, ըստ էության՝ դժոխքի միջով ենք անցել, և հույս ունեմ, որ տեղի կունենա ՀՀ քաղաքացիների համախմբումը խաղաղության օրակարգի շուրջ։ Դա կլինի նոր՝ ոչ պակաս կարևոր հեղափոխություն մեր երկրի ապագայի տեսակետից»։