Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Պաշտոնական

Տրանսպորտային տոմսային համակարգն ու նոր փոփոխությունները. փոխքաղաքապետի ասուլիսը. ՈՒՂԻՂ (տեսանյութ)

Երևանի տրանսպորտում թղթային QR տոմսերը դուրս են բերվել՝ տեխնիկական խնդիրները նվազեցնելու և բնապահպանական նկատառումներով

Օգոստոսի 1-ից Երևանի հանրային տրանսպորտում այլևս չեն կիրառվում թղթային QR կոդով ուղետոմսեր։ Քաղաքապետի տեղակալ Սուրեն Գրիգորյանը հայտարարել է, որ այս քայլը միտված է տեխնիկական խնդիրների նվազեցմանը և թղթի մեծաքանակ օգտագործումից խուսափելուն։

Փոխքաղաքապետի խոսքով՝ քաղաքացիները, որոնք նախկինում օգտվում էին թղթային QR տոմսերից, այժմ կարող են օգտվել տրանսպորտային քարտից, որը կարելի է պարբերաբար լիցքավորել և օգտագործել բոլոր տեսակի հանրային տրանսպորտում։

Նա խորհուրդ է տվել ուղևորներին նախապես ձեռք բերել ուղետոմսեր՝ խուսափելու համար վճարման պահին հնարավոր ձգձգումներից։ Մասնավորապես, եթե լիցքավորումը կատարվում է ուղևորության պահին (օրինակ՝ մետրոյի կայարանում), ապա համակարգում տվյալների մշակման համար պահանջվում է միջինը 2–5 րոպե։

Տրանսպորտային քարտերը հնարավոր է լիցքավորել «Թել-Սել» տերմինալների, դրամապանակ հավելվածի, ինչպես նաև transport.yerevan.am կայքի միջոցով։ Իսկ «Թել-Սել» դրամապանակի միջոցով տոմս գնելու դեպքում, դրանք անմիջապես հայտնվում են հավելվածում՝ գրանցված հեռախոսահամարի միջոցով։

Գրիգորյանը նշել է, որ նույնականացման գործընթացները «Թել-Սել»-ում նույնպես դյուրացվել են՝ նախորդ երկարատև հաստատման փոխարեն այժմ կիրառվում է ավտոմատացված մեխանիզմ, որը զգալիորեն արագացնում է ծառայությունների մատչումը։

Ներկայում հանրային տրանսպորտում գործում են վճարման երեք տարբերակ՝

  1. Տրանսպորտային քարտ,

  2. Անհպում բանկային քարտ (բացառությամբ ՎՏԲ-ի),

  3. Բջջային հավելված («Թել-Սել» դրամապանակ)։

Փոխքաղաքապետը վստահեցրել է, որ նոր համակարգը բավականին արդյունավետ է, իսկ հնարավոր խնդիրները լուծվում են օպերատիվ կերպով՝ քաղաքապետարանի և «Թել-Սել»-ի աջակցության կենտրոնների միջոցով։