A
A
Գործող փոքրիկ խմբակի այս անհաջողությունների մեջ է մեր ապագան․ Սամվել Կարապետյանի հայտարարությունը
Աջակցիր «Ա1+»-ինԳործարար Սամվել Կարապետյանի հայտարարությունը․
Ինչ չհաջողվեց ներկա իշխանություններին
Չհաջողվեց քնեցնել հայ ժողովրդի կամքը։ Չհաջողվեց հուսահատեցնել մեր երիտասարդներին։ Անցնելով պատերազմների, իշխանական հալածանքների, զրկանքների, անապահովության միջով՝ նրանք մնացել են պինդ ու տաղանդավոր, մեր Հայաստանի ապագայի մասին մտածող ու դրանով ապրող։
Չհաջողվեց լռեցնել լրագրողներին և ազատ խոսքը։ Տեղեկատվական տեռորի, ստերի, մանիպուլիացիաների շղթան պոկվում է, և իրենց աշխատանքը նվիրումով կատարող իրական լրագրողների միջոցով իրականությունը հասանելի է դառնում հանրությանը։
Չհաջողվեց կոտրել բաքվի բանտում գտնվող մեր հայրենակիցներին, որոնք տասնյակ տարիների իրենց հերոսական պայքարով բացառիկ հարգանքի արժանի մարդիկ են։ Նրանք՝ հայտնվելով բանտում, մահվան բերանն են ընկել, ու չնայած դրան, իրենց և բոլորիս պատիվը միշտ բարձր են պահում՝ իսկական Հայ տղամարդուն վայել։
Չհաջողվեց կոտրել մեր հավատքը դեպի մեր Եկեղեցու առաքելությունը։ Որքան շատ են հալածում հոգևորականներին, այնքան շատ Հայ մարդիկ են օրհնություն հայցում մեր հոգևորականներից։ Որքան շատ են հարձակվում մեր Եկեղեցու վրա, այնքան շատ են մերոնք համախմբվում մեր Մայր Աթոռի շուրջը։
Գործող փոքրիկ խմբակի այս անհաջողությունների մեջ է մեր ապագան։ Սկզբունքորեն նոր մեր քաղաքական ուժը՝ նոր ձևավորվող մեր թիմը, հիմնված է լինելու հատկապես մեր ազգային լավագույն որակների, ժողովրդի ամուր կամքը կրող անձանց և հատկապես երիտասարդների վրա։ Մեր պատմության նոր, վաղուց սպասված ու երազած էջ ենք բացելու՝ մե՛ր ձևով։
Սամվել Կարապետյան