ՀՀ-ում կհաստատվեն եվրոպական նորմերով նախագծված և կառուցված շենքեր
Աջակցիր «Ա1+»-ինՀՀ-ում կունենանք միջազգային չափորոշիչներին համապատասխան կառուցված շենք-շինություններ
Կառավարությունը հաստատել է Քաղաքաշինական նորմատիվատեխնիկական փաստաթղթերի մշակման և հաստատման կարգը: Ինչպես նշել է Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը, կսահմանվեն քաղաքաշինական նորմատիվատեխնիկական փաստաթղթերի մշակման ռազմավարական ուղղություններ, դրանց մշակման, տեղայնացման, արդիականացման, լրամշակման և հաստատման ընթացակարգերի առանձնահատկությունների վերաբերյալ կարգավորումները, այդ թվում ՝ ԵՄ անդամ պետությունների քաղաքաշինության ոլորտի նորմերին մոտարկման, դրանց մասնակի կամ ամբողջական տեղայնացման ու գործող նորմատիվատեխնիկական փաստաթղթերի պահանջների ներդաշնակեցման ու կիրառման մասով:
Մասնավորապես, սահմանված է, որ մոտարկված և տեղայնացված ԵՄ նորմերը ՀՀ տարածքում գործող կառուցապատողները կարող են ընտրել կամավորության սկզբունքով: Կառուցապատման ծրագրերի համար պատվիրատուների կողմից ԵՄ նորմերի ընտրության դեպքում տվյալ քաղաքաշինական ծրագրերի շրջանակներում՝ նախագծում, շինարարություն և շահագործում, դրանց պահանջները կրելու են պարտադիր բնույթ և կիրառվելու են ամբողջ ծավալով: Տեղայնացված ԵՄ նորմերը ՀՀ տարածքում կիրառելը թույլ կտա օտարերկրյա ներդրողների, գործարարների, կառուցապատողների, շինարարների համար ստեղծել առավել ընկալելի, ընդունելի և բարենպաստ միջավայր, որն էլ կխթանի նրանց կողմից ՀՀ-ում ներդրումներ կատարելը և գործունեություն ծավալելը: Արդյունքում՝ ներդրումների աճին զուգահեռ նաև ՀՀ-ում կունենանք միջազգային չափորոշիչներին համապատասխան կառուցված ենթակառուցվածքներ, շենքեր և շինություններ: