Տարածված տեսանյութի վերաբերյալ պարզաբանում է ներկայացրել «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին«Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի խոսնակ Գեղամ Ասատրյանը մեկնաբանել է հուլիսի 15-ին համացանցում տարածված տեսանյութը, որում տղամարդ ուղևորը ենթադրյալ անպարկեշտ գործողություններ է կատարել կին ուղևորների նկատմամբ՝ հանրային տրանսպորտում։
Ըստ Ասատրյանի՝ միջադեպը տեղի է ունեցել հուլիսի 15-ին՝ ժամը 19։30-ի սահմաններում, թիվ 5 երթուղին սպասարկող ավտոբուսում, Մաշտոցի պողոտա–Պուշկինի խաչմերուկ հատվածում։
«Երբ վարորդը լսում է ուղևորների բարձրաձայն դժգոհությունները, անմիջապես կանգնեցնում է ավտոբուսը, ամոթանք է տալիս ենթադրյալ գործողություն իրականացրած անձին և նրան ուղեկցող տղամարդուն հորդորում է իջնել ավտոբուսից։ Այդ ընթացքում վարորդը ենթարկվում է ֆիզիկական հարձակման նշված տղամարդկանցից մեկի կողմից, սակայն շարունակում է գործել համարժեք և իրավիճակը վերահսկողության տակ պահում։ Միայն նրանց իջեցնելուց հետո է, որ երթևեկությունը վերականգնվել է»,- նշել է Ասատրյանը։
Ընկերությունը դատապարտում է նմանօրինակ վարքագիծը և վերահաստատում է, որ վարորդները կրում են պատասխանատվություն ոչ միայն երթևեկության, այլև ուղևորների անվտանգության համար։ Դեպքի առնչությամբ անհրաժեշտ տեղեկատվությունը տրամադրվել է իրավապահ մարմիններին։