Բացել լրահոսը Փակել լրահոսը
16142_am_1
A A
Տնտեսություն Պաշտոնական

50 միլիոն եվրոյի վարկ՝ Սյունիքի զարգացման համար

Եվրոպական ներդրումային բանկի զարգացման ստորաբաժանումը՝ EIB Global-ը, 50 միլիոն եվրոյի վարկ է տրամադրում Հայաստանի Հանրապետությանը՝ Սյունիքի մարզում իրականացվող կարևոր սոցիալ-տնտեսական ծրագրերի համար։ Նոր ֆինանսավորման համաձայնագիրը ստորագրվել է առաջին անգամ EIB-ի կենտրոնակայան կատարած այցի շրջանակում՝ ՀՀ փոխվարչապետի մասնակցությամբ։

ՀՀ կառավարությունը նախատեսում է միջոցներն ուղղել համայնքների կենսապայմանների բարելավմանը՝ բարձրացնելով խմելու ջրի հասանելիությունը, ինչպես նաև կրթության և առողջապահական որակյալ ծառայությունների մատչելիությունը։

Սյունիքի մարզը, որն ունի տնտեսական և ենթակառուցվածքային մի շարք մարտահրավերներ, հանդիսանում է ինչպես ՀՀ կառավարության, այնպես էլ Եվրոպական միության զարգացման առաջնահերթ ուղղություններից։ Նախագիծը «Կայուն Սյունիք» Team Europe նախաձեռնության մաս է կազմում, որը մեկնարկել է 2023 թվականին։ Այն միտված է սոցիալ-տնտեսական կայունության բարձրացմանը՝ մասնավորապես 2020 թվականի պատերազմից և 2023-ի սեպտեմբերյան ռազմական էսկալացիայից հետո Արցախից շուրջ 120,000 հայերի ժամանման հետևանքով առավել ծանրաբեռնված այս տարածաշրջանում։

«Այսօրվա ֆինանսավորման համաձայնագիրը վառ օրինակ է Եվրոպական միության համախմբված հանձնառության՝ Հայաստանի երկարաժամկետ զարգացման ու կայունության նկատմամբ», — ասել է ԵՆԲ նախագահ Նադիա Կալվինյոն։ «Դա նշանակում է՝ խմելու ջուր 30,000 մարդու համար, բարելավված առողջապահություն ու մասնագիտական ուսուցում, ինչպես նաև հատուկ ուշադրություն՝ կանանց ներառմանը»:

ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարտա Կոսը նշել է. «Այսօրվա հայտարարությունը ևս մեկ ապացույց է, որ Եվրոպական միությունը շարունակաբար աջակցում է Հայաստանի կայուն և ներառական սոցիալ-տնտեսական զարգացմանը՝ Team Europe մոտեցման շրջանակում։ Գյուղական համայնքներում ներդրումների իրականացումը խիստ կարևոր է համայնքների լիարժեք ներառման ու սոցիալական համերաշխության ապահովման համար»։

Ծրագիրը մշակվել է սերտ համագործակցությամբ՝ Հայաստանի իշխանությունների և տեղական շահագրգիռ կողմերի հետ։ Բացի վարկից՝ ծրագիրն օգտվում է նաև ԵՄ-ի և Արևելյան գործընկերության տեխնիկական աջակցության հիմնադրամի (EPTATF) աջակցությունից՝ ինչպես նախապատրաստման, այնպես էլ իրականացման փուլերում։