Բացել լրահոսը Փակել լրահոսը
cq5dam.thumbnail.cropped.1500.844
A A
Պաշտոնական

Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը՝ Հայ առաքելական եկեղեցու շուրջ զարգացումների մասին

Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը (ԵՀԽ) իր խոր մտահոգությունն է հայտնում Հայաստանում Հայ առաքելական եկեղեցու շուրջ վերջին զարգացումների կապակցությամբ։ Խոսքը վերաբերում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում իրականացված իրավապահ գործողություններին և բարձրագույն հոգևորականների կալանավորմանը։

Հայ առաքելական եկեղեցին ունի բացառիկ ու սրբազան դեր հայ ժողովրդի հոգևոր, մշակութային ու պատմական կյանքում։ Այն անբաժան ու արժեքավոր մաս է կազմում համաշխարհային քրիստոնեական ընտանիքի և կարևոր դեր է ունեցել էկումենիկ շարժման և համաշխարհային եկեղեցու միասնական վկայության մեջ։

Եկեղեցու սրբավայրերում ուժի կիրառման և հոգևորականների կալանավորման մասին հաղորդումները լուրջ մտահոգություն են հարուցում՝ կապված կրոնական ազատության պահպանման, երկրպագության սրբության և հոգևոր հաստատությունների ինքնուրույնության հետ։

Միաժամանակ, մենք գիտակցում ենք, որ հանրային հռետորաբանությունն այսպիսի լարված ժամանակահատվածներում կարող է հատկապես մեծ ազդեցություն ունենալ։ Ցանկացած խոսք, որը կարող է ընկալվել որպես կրոնական համայնքների դեմ ուղղված կամ արհամարհական, կարող է խորացնել հասարակական բևեռացումները մի ժամանակ, երբ առավել քան երբևէ անհրաժեշտ են միասնություն ու փոխըմբռնում։

Այս համատեքստում ԵՀԽ-ն հարգալից կերպով կոչ է անում Հայաստանի Հանրապետությանը՝

  • ապահովել բոլոր հոգևոր առաջնորդների և կրոնական հաստատությունների պաշտպանությունն ու արժանապատվությունը, ինչպես նաև նրանց օրինական իրավունքները,

  • ձեռնպահ մնալ այնպիսի գործողություններից կամ հայտարարություններից, որոնք կարող են դիտվել որպես ուղղված կրոնական կառույցների դեմ կամ խթանող հանրային թշնամանք,

  • հավատարիմ մնալ կրոնական ազատության, իրավական ընթացակարգերի և հավատքի խաղաղ դրսևորման սկզբունքներին,

  • խթանել բաց ու կառուցողական երկխոսություն պետական և կրոնական կառույցների միջև։

ԵՀԽ-ն իր համերաշխությունն է հայտնում Հայ առաքելական եկեղեցուն, որի դարավոր ներկայությունը և հարատև առաքելությունն անբաժան մասն են կազմում ինչպես հայ ժողովրդի հոգևոր կյանքի, այնպես էլ համաշխարհային քրիստոնեական հարության։

Մենք շարունակում ենք աղոթել Հայաստանի առաջնորդների իմաստության և դատողության համար, հոգևորականության ու հավատացյալների բարօրության, և արդարության, խաղաղության ու փոխադարձ հարգանքի վրա հիմնված լուծման համար։

Այս կարևոր շրջափուլում մենք բոլոր կողմերին հորդորում ենք գործել պատասխանատվությամբ, զգայունությամբ և պարտավորությամբ՝ հանուն արժանապատվության, երկխոսության և խաղաղ համակեցության։