Բացել լրահոսը Փակել լրահոսը
4G3A1973
A A
Պաշտոնական

Մեկնարկել է սփյուռքի ուսուցիչների վերապատրաստման ծրագիրը` «Գիտելիքի կամուրջ» խորագրի ներքո

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն իրականացնում է սփյուռքում գործող հայկական ուսումնական հաստատություններում դասավանդող ուսուցիչների վերապատրաստման ծրագիրը, որին այս տարի մասնակցում է 62 ուսուցիչ 10 երկրից:

Ծրագրի մեկնարկի միջոցառմանը ներկա են եղել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը և նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը:

Վերապատրաստման դասընթացներն այս տարի իրականացվում են Եղիշե Չարենցի անվան թիվ 67 դպրոցում «Գիտելիքի կամուրջ» խորագրի ներքո:

«Սա ոչ միայն ուսուցանման, դասավանդման, մեթոդական շատ կարևոր աշխատանք է, այլև մարդկային կապերի, հարաբերությունների ձևավորման և միասնական հարթակներ ստեղծելու հնարավորություն: Ընտրված խորագիրը՝ «Գիտելիքի կամուրջ», պատահական չէ. մի կողմից մենք միմյանց փոխանցում ենք գիտելիքն ու փորձառությունը, մանկավարժական հմտություններն ու մեթոդաբանությունը, մյուս կողմից` կամրջում ենք Հայաստանի Հանրապետությունը սփյուռքի տարբեր օջախներին: Կարծում եմ՝ սա այն առանձնահատուկ առաքելությունն է, որը նաև այս ծրագիրն անընդհատ շարունակելու ոգևորություն և մոտիվացիա է տալիս»,- ասել է ԿԳՄՍ նախարարը։

Նա հատկապես կարևորել է, որ վերապատրաստման ծրագիրը լինի հնարավորինս նպատակային և թիրախային, որովհետև սփյուռքահայ ուսուցիչների իրականացրած աշխատանքը խիստ տարբերվում է Հայաստանի Հանրապետությունում գործող դպրոցների ուսուցիչների աշխատանքից։

Ժաննա Անդրեասյանն ընդգծել է նաև ծրագրի լավարկման կարևորությունը՝ մանկավարժների առաջարկների ու դիտարկումների հիման վրա. «Այս ծրագիրը հնարավորինս պետք է ծառայի իր նպատակին՝ տալով ամենօրյա աշխատանքում հանդիպող հարցերի պատասխանները»:

ԿԳՄՍ նախարարը շնորհակալություն է հայտնել մասնակից ուսուցիչներին, վերապատրաստող մանկավարժական թիմին ու գործընկերներին՝ հույս հայտնելով, որ վերջիններիս փորձառությունը, դիտարկումներն ու կարծիքները կնպաստեն ծրագրի կատարելագործմանը:

Վերապատրաստման ծրագիրն իրականացվելու է մինչև հուլիսի 26-ը հետևյալ յոթ ուղղությամբ՝

· ուսուցում մանկապարտեզում,

· ուսուցում մեկօրյա դպրոցում,

· տարրական ուսուցում

· հայոց լեզու և գրականություն

· հայոց պատմություն և մշակույթի պատմություն

· երգ ու պարի ուսուցում

· տնօրենների վերապատրաստում

Վերապատրաստման ծրագրին մասնակցում են սփյուռքահայ ուսուցիչներ Ռուսաստանից, Հնդկաստանից, Ուկրաինայից, Թուրքիայից, Գերմանիայից, Իսպանիայից, Վրաստանից, Լիբանանից, Բելգիայից, Ֆրանսիայից։

 

ՀՀ ԿԳՄՍՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ