ԱԺ-ում շարունակվում է Արտահերթ նիստը․ ՈՒՂԻՂ (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՀուլիսի 3-ին խորհրդարանը շարունակել է արտահերթ նստաշրջանի աշխատանքը:
Երկրորդ ընթերցմամբ քննարկվել է ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության հեղինակած ««Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» եւ ««Էներգետիկայի մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը:
Հիմնական զեկուցող Վլադիմիր Վարդանյանը տեղեկացրել է, որ նախորդ օրը բավականին երկար քննարկում է տեղի ունեցել Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում: Կառավարության եւ Վլադիմիր Վարդանյանի ներկայացված առաջարկությունների հիման վրա օրենսդրական փաթեթը լրամշակվել է երկու նոր օրենքների նախագծերով: «Սնանկության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» եւ ««Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների եւ անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերը ներառվել են օրենսդրական փաթեթի մեջ: Ներկայացվել են նաեւ որոշակի տեխնիկական բնույթի առաջարկություններ: Ըստ հիմնական զեկուցողի՝ լրամշակված օրենսդրական փաթեթը դարձել է ավելի ամբողջական: Նշվել է, որ նախագծի հիմնական նպատակն է ապահովել ճգնաժամային իրավիճակներում հանրային ծառայությունները կարգավորող մարմնի նախագահի կողմից վարույթ հարուցելու եւ կանխարգելիչ միջոցներ կիրառելու հնարավորություն:
Գլխադասային՝ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունն օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ ներկայացրել է հանձնաժողովի անդամ Կարեն Համբարձումյանը:
ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը կոչ է արել կողմ քվեարկել օրենսդրական նախաձեռնությանը:
Մտքերի փոխանակության ընթացքում ելույթ են ունեցել պատգամավորները՝ անդրադառնալով օրենսդրական նախաձեռնության անհրաժեշտությանը, ռիսկերը վերացնելուն ուղղված հստակ քայլերին, Հայաստանի էլեկտրական ցանցերում առկա խնդիրներին:
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության անունից ելույթում խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը նշել է, որ նախագիծը հակասահմանադրական եւ հակասում է միջազգային իրավունքի նորմերին:
ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանն անդրադարձել է պատգամավորների հնչեցրած դիտարկումներին: Նա առաջարկել է քննարկել ԱԺ-ում ՀԷՑ-ի գործունեության հետ կապված քննիչ հանձնաժողով ստեղծելու հարցը: Հայկ Կոնջորյանը տեղեկացրել է, որ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը կողմ է քվեարկելու նախագծին:
Եզրափակիչ ելույթում Վլադիմիր Վարդանյանը եւս անդրադարձել է քննարկման ընթացքում պատգամավորների բարձրացրած հարցադրումներին: