
ՌԴ ԱԳՆ-ն զգուշացում է հղել Ադրբեջանում գտնվող իր քաղաքացիներին՝ իրավիճակի սրման ֆոնին
Աջակցիր «Ա1+»-ինՌուսաստանի արտաքին գործերի նախարարությունը կոչ է արել Ադրբեջանում գտնվող ՌԴ քաղաքացիներին ցուցաբերել առավել զգուշություն և խոհեմություն։ Այս մասին նշվում է ՌԴ ԱԳՆ իրավիճակային և ճգնաժամային կենտրոնի «Տելեգրամ» ալիքում։ Խորհուրդ է տրվում հաշվի առնել ստեղծված իրավիճակը՝ Ադրբեջան ուղևորություն պլանավորելիս։
Հուլիսի 1-ին Բաքվի դատարանը կալանավորել է Ռուսաստանի 8 քաղաքացու՝ Իրանից թմրանյութեր տեղափոխելու և կիբեռհանցագործության կասկածանքով։ Ավելի վաղ նույն դատարանը 4 ամսով կալանավորել էր «Սպուտնիկ Ադրբեջան»-ի խմբագրական խորհրդի ղեկավար Իգոր Կարտավիխինին և գլխավոր խմբագիր Եվգենի Բելոուսովին՝ խարդախության, անօրինական ձեռնարկատիրության և գույքի լվացման մեղադրանքով։
Ռուսաստան-Ադրբեջան հարաբերությունները սրվել են նաև այն բանից հետո, երբ ՌԴ Սվերդլովսկի մարզում կասեցվել է ադրբեջանական էթնիկ խմբավորման գործունեությունը՝ մի շարք սպանությունների կասկածանքով։ Կալանավորվել են Այազ, Ակիֆ, Մազահիր և Բաքիր Սաֆարովները, ինչպես նաև Ախլիման Գյանջիևը։ Նրանցից երկուսը մահացել են։
Հունիսի 30-ին Ադրբեջանի իրավապահները խուզարկություն են իրականացրել «Սպուտնիկ Ադրբեջան»-ի գրասենյակում։ Նույն օրը Բաքուն բողոքի նոտա է հղել Ռուսաստանին։ Իր հերթին՝ ՌԴ ԱԳՆ-ն պահանջել է ազատ արձակել ռուսաստանցի լրագրողներին և քննադատել Բաքվի «ոչ բարեկամական քայլերը»։
Հուլիսի 1-ին Ռուսաստանում ձերբակալվել է Ուրալի ադրբեջանական համայնքի ղեկավարը։
Բաքուն բողոքի նոտա է հղել Ռուսաստանին՝ «անբարյացկամ քայլերի» պատճառով
Ադրբեջանի արտգործնախարարություն է կանչվել Բաքվում Ռուսաստանի դեսպան Միխայիլ Եվդոկիմովը։ Փոխարտգործնախարար Արազ Ազիմովը նրան է փոխանցել պաշտոնական Բաքվի բողոքի նոտան՝ ռուսական կողմի՝ «երկկողմ հարաբերությունները խաթարող անբարյացկամ քայլերի» կապակցությամբ։
Բաքուն կրկին դժգոհություն է հայտնել Եկատերինբուրգում ռուս իրավապահների գործողությունների վերաբերյալ, որոնց հետևանքով, ըստ Ադրբեջանի, երկու քաղաքացի զոհվել է, մի քանիսը՝ վիրավորվել։ Ադրբեջանական կողմը պնդում է, որ ռուսական պարզաբանումները չեն համապատասխանում մահացածների մարմինների վրա արձանագրված բռնության հետքերին։
Ադրբեջանի ԱԳՆ-ն նաև հիշեցրել է ռուսական օդային տարածքում ադրբեջանական օդանավի խոցման դեպքը՝ կրկին պահանջելով պատշաճ հետաքննություն, մեղավորների պատասխանատվություն և զոհերի համար փոխհատուցում։