
Կատարի ինքնիշխանության խախտում, հրթիռային հարվածներ և ժամանակավոր օդային արգելք․ իրավիճակը լարվում է ԱՄՆ-Իրան դիմակայության ֆոնին
Աջակցիր «Ա1+»-ինԻրանի կողմից Կատարում տեղակայված ամերիկյան «Ալ Ուդեյդ» ռազմաբազային հասցված հրթիռային հարվածից հետո Կատարի իշխանությունները հանդես են եկել կոշտ արձագանքով՝ հայտարարելով, որ պահպանում են համաչափ պատասխանի իրավունքը։
Կատարի արտաքին գործերի նախարարությունը հարվածը որակել է որպես երկրի ինքնիշխանության կոպիտ խախտում։ Միևնույն ժամանակ, Կատարի ազգային պաշտպանության համակարգերը հաջողությամբ հետ են մղել հրթիռային գրոհը, իսկ մայրաքաղաք Դոհայում լսվել են պայթյունների ձայներ, որոնք, ըստ ՏԱՍՍ-ի թղթակցի, պայմանավորված են եղել հակաօդային պաշտպանության համակարգերի ակտիվությամբ։ Քաղաքի երկնքում նկատվել են մի քանի թռչող օբյեկտներ։
Իրավիճակի սրման հետևանքով Կատարի իշխանությունները ժամանակավորապես փակել են երկրի օդային տարածքը՝ ապահովելու համար քաղաքացիների, բնակիչների և այցելուների անվտանգությունը։
Իրանական պետական հեռուստատեսության փոխանցմամբ՝ գործողությունը, որն անվանվել է «Բաշարաթ ալ-Ֆաթհ», ուղղված է տարածաշրջանում ամերիկյան ռազմական ներկայությանը։ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել է, որ հրթիռային հարվածը պատասխան է ԱՄՆ-ի կողմից Իրանի միջուկային օբյեկտների ռմբակոծությանը։
Իրանական Mehr գործակալության տվյալներով՝ Իրանը կիրառել է նույն քանակի հրթիռներ, որքան ռումբեր ԱՄՆ-ը նետել է Իրանի տարածքում։ Իրանի ազգային անվտանգության խորհուրդը նշել է, որ Թեհրանի գործողությունները չեն նպատակաուղղվել Կատարի դեմ և չեն սպառնում նրա ժողովրդի անվտանգությանը՝ ընդգծելով եղբայրական հարաբերությունների կարևորությունը։
Իրանի պետական հեռուստատեսությունը հայտարարել է.
«Հարվածիր ու փախիր» դարաշրջանն ավարտվել է։ Ցանկացած հետագա հարձակում կարագացնի ԱՄՆ ներկայության կրճատումը Արևմտյան Ասիայում»։
Իսրայելի զինված ուժերն այս ընթացքում հաղորդում են, որ առավոտյան Իրանի տարածքի ուղղությամբ իրականացված հարվածներին մասնակցել է ավելի քան 50 կործանիչ։ Հարվածները հիմնականում ուղղվել են հրթիռների և ռադարների արտադրության օբյեկտների, ինչպես նաև Թեհրանում հրթիռների պահեստավորման ենթակառուցվածքների վրա։
Իրադարձությունները զարգանում են մեծ արագությամբ՝ սպառնալով խաթարել ոչ միայն տարածաշրջանային, այլև գլոբալ կայունությունը։
📌 Աղբյուրներ՝ BBC, Mehr, ТАСС