Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Պաշտոնական

Կառավարության նիստը․ ՈՒՂԻՂ (տեսանյութ)

Նախատեսվում է ձևավորել ՀՀ Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնքային փունջը

 

Կառավարության հավանությանն է արժանացել «ՀՀ վարչատարածքային բաժանման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերը: Ըստ հիմնավորման՝ 2016 թ. փետրվարի 14-ից ի վեր իրականացվել է համայնքների միավորման թվով 77 ծրագիր, ինչի արդյունքում 908 համայնքների միավորման արդյունքում ձևավորվել է թվով 64 համայնք: Միավորված համայնքներում իրականացվել են վերլուծություններ՝ համայնքային փնջերի ծրագրային առաջնահերթությունների վերաբերյալ, ինչի արդյունքում հրապարակվել է այդ վերլուծությունների ամփոփ հաշվետվությունը: Նախագծով նախատեսվում է ձևավորել ՀՀ Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնքային փունջը, որում ներառվել են ներկայիս Վաղարշապատ և Խոյ համայնքները՝ վերջիններիս կազմում ընդգրկված թվով 19 բնակավայրերով: Այսպիսով, առաջարկվող ծրագրում ներգրավված է լինելու թվով 2 համայնք, 19 բնակավայր, որոնց միավորման արդյունքում ձևավորվելու է մեկ համայնք: «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու նպատակն է՝ վերոնշյալ համայնքում նշանակել համայնքի ավագանու ընտրություն, միավորվող համայնքների տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունները դադարեցնելու և միավորված համայնքի տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունների ստանձնման ժամկետների վերաբերյալ օրենքով տալ իրավակարգավորումներ:

Ինչպես նշել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը, այս քայլով Կառավարությունն ապահովում է վարչատարածքային բարեփոխումների գործընթացի հետագա ընթացքը, ինչին կհաջորդի արդեն լիազորությունների ապակենտրոնացումը։ Նախարարը նաև հավելել է, որ նոր ձևավորվող Վաղարշապատ համայնքում ավագանու ընտրությունները նախատեսվում է անցկացնել 2025 թվականի նոյեմբերի 16-ին:

 

Եղեգնաձորում «Թումո տուփ» կհիմնվի

 

Կառավարությունն ընդունել է «Հողամաս հետ վերցնելու և անհատույց օգտագործման իրավունքով հանձնելու մասին» որոշում: Ըստ այդմ՝ Եղեգնաձորի վարժարանին ամրացված անշարժ գույքից հողամասը կառանձնացվի և անհատույց օգտագործման իրավունքով կտրամադրվի Սիմոնյան կրթական հիմնադրամին՝ «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն-տուփեր հիմնելու նպատակով: «Թումոն տուփի մեջ» ծրագիրը նպատակաուղղված է ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի ուսուցումը ՀՀ մարզերի քաղաքների և գյուղերի երեխաների համար հասանելի դարձնելուն: Թումո կենտրոնի շահառուները հանդիսանում են 12-18 տարեկան երեխաները, և ամբողջ կրթական ծրագիրն իրականացվում է անվճար հիմունքներով: Տուփը կազմված է լինելու շարժական կառույցներից, որոնց տեղադրման համար հարկավոր չէ շինարարական թույլտվություն, ինչպես նաև նշված կառույցները ցանկացած ժամանակ կարելի է տեղափոխել:

 

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ներկայացրել է վիճակագրություն՝ «Թումո» կենտրոնների գործունեության ընդլայնման և այս պահին առկա իրավիճակի մասին. «Մեր երկրում գործում են 6 խոշոր կենտրոններ և դրանց կից 35 տուփեր, որտեղ շաբաթական հաճախում են ավելի քան 21000 երեխաներ: Սա թույլ է տվել, որպեսզի մենք ոչ ֆորմալ կրթական ծրագրերը դարձնենք հասանելի մեր երկրի ամենատարբեր բնակավայրերում: Մասնավորապես՝ Տավուշի մարզում գործում է Դիլիջանի կենտրոնը՝ կից 11 տուփերով և այստեղ 2200 երեխաներ են ամեն շաբաթ հաճախում: Շիրակի մարզում ունենք Գյումրու կենտրոն՝ կից 10 տուփերով, ամեն շաբաթ այցելում է 3300 երեխա: Սյունիքի մարզում այս տարի բացվեց Կապանի կենտրոնը և կից 3 տուփերը, ամեն շաբաթ ընդունում են 1200 երեխաների, երրորդ տուփը բառացիորեն բացվել է Գորիսում մի քանի օր առաջ: Տավուշի մարզում գործում է Կողբի կենտրոնը՝ կից 4 տուփերով, ամեն շաբաթ հաճախում են շուրջ 1000 երեխաներ: Վայոց ձորում արդեն իսկ ունեինք Եղեգնաձորում ժամանակավոր կենտրոն: Այս նոր ստեղծված հնարավորությունը կընդլայնի երեխաներին ընդունելու հնարավորությունները և ավելի մեծ թվով երեխաներ կկարողանան հաճախել: Կից գործում են նաև 3 տուփեր Վայոց ձորի տարբեր բնակավայրերում՝ ամեն շաբաթ շուրջ 800 երեխաներ ընդգրկելով: Ամենաառաջին կենտրոնը, որը բացվել է 2011-ին Երևանում «Թումո Երևանը»՝ 4 կից տուփերով, ամեն շաբաթ ընդունում է ավելի քան 12200 ուսանողներ: Գիտեք, որ «Թումո»-ն ընդլայնվում է նաև աշխարհի տարբեր երկրներում. հունիսի 1-ին Ճապոնիայում բացվեց, բառացիորեն մի քանի օր առաջ Ուրուգվայում «Թումո»-ի բացման մեկնարկի արարողությունն էր»:

 

ԿԳՄՍ նախարարն ընդգծել է՝ սա վկայում է այն մասին, որ Հայաստանն ունի կրթական պրոդուկտ, որը նաև արտահանվում է և այս մոդելը մրցունակ է աշխարհում: «Մեր երկրում ունենք նաև «ՔՈԱՖ» կենտրոններ, որտեղ շուրջ 5000 երեխաներ են

հաճախում՝ 54 բնակավայրերից: Բացի այդ, գիտեք, որ պետությունը ֆինանսավորում է տեխնոլոգիական ոլորտի հետ համատեղ «Արմաթ» խմբակների գործունեությունը: Այս պահին ունենք 1044 խմբակ՝ շուրջ 16000 հաճախող երեխաներով: Սա ցույց է տալիս, որ ոչ ֆորմալ կրթության հնարավորությունները մեր կրթական համակարգում էապես ընդլայնվել են, և սա նաև կրթության որակի բարձրացման ու դպրոցին աջակցության շատ կարևոր ուղղություն է»,-ասել է Ժաննա Անդրեասյանը։

 

Հաստատվել է Ռազմական կարիքների համար հատուկ ԳՀՓԿԱ իրականացման հայտերի ձևավորման, ֆինանսավորման և կատարման կարգը

 

Կառավարությունը հաստատել է Ռազմական կարիքների համար հատուկ գիտահետազոտական և փորձակոնստրուկտորական աշխատանքների իրականացման հայտերի ձևավորման, ֆինանսավորման և կատարման կարգը: Ըստ այդմ՝ առաջարկվում է իրավական հիմքեր ստեղծել լիազոր մարմնի և ռազմական կամ երկակի նշանակության ապրանք արտադրողների կողմից ԳՀՓԿԱ գործընթացի ձևավորման, ֆինանսավորման և կատարման իրավահարաբերությունների կանոնակարգման համար: Կարգով տեղական ռազմարդյունաբերության մեջ առաջին անգամ ներդրվել է տեխնոլոգիական պատրաստիության մակարդակի մոդելը, որը կհստակեցնի թե տեխնոլոգիական պատրաստիության որ մակարդակում է ի սկզբանե գտնվում աշխատանքը և տվյալ հայտով մինչև որ մակարդակ է այն հասցվելու։ Սահմանվել են յուրաքանչյուր պետական կառավարման համակարգի մարմնի դերը, դիմումին և այլ փաստաթղթերին անդրադառնալու հստակ ժամկետները, ինչպես նաև ԳՀՓԿԱ արդյունքում ստեղծված գույքի տնօրինման ուղղությունները։

 

Մեկ այլ որոշմամբ էլ հաստատվել է ՀՀ-ում ռազմական նշանակության ապրանքի, դրա լրամասերի, բաղադրիչների, փորձանմուշների, հատուկ գիտահետազոտական և փորձակոնստրուկտորական աշխատանքների արդյունքների պետական փորձարկումների անցկացման կարգը: Ըստ հիմնավորման՝ ներկայումս ռազմական կամ երկակի նշանակության ապրանքի փորձարկումը նորմատիվ իրավական մակարդակում սահմանված չէ, օգտագործվում են պայմանագրային և ազգային ստանդարտի կարգավորումներ, չկան հստակ ձևաչափեր, սահմանված չեն գործընթացների ժամկետները, կոնկրետ պատասխանատու պետական մարմինները, նրանց գործողությունները, ժամկետները։ Որոշմամբ առաջարկվում է իրավական հիմքեր ստեղծել ՀՀ Կառավարության ռազմարդյունաբերության ոլորտում պետական լիազոր մարմնի, պետական կառավարման համակարգի շահագրգիռ մարմինների և ռազմական կամ երկակի նշանակության ապրանք արտադրողների կողմից այդ ապրանքների փորձարկումների ամբողջ գործընթացի ձևավորման և այդ իրավահարաբերությունների կանոնակարգման համար: Ըստ այդմ՝ ռազմարդյունաբերական համալիրի սուբյեկտներին հնարավորություն կընձեռվի հստակ պատկերացում ունենալ գործընթացների և դրանց համար սահմանված վերջնաժամկետների վերաբերյալ, միաժամանակ կսահմանվեն իրավահարաբերությունների ձևավորման, կանոնակարգման հիմքերը, շահագրգիռ պետական մարմնի կողմից պատասխանելու և գործընթացներ իրականացնելու համար հստակ ժամանակահատվածներ։