Բացել լրահոսը Փակել լրահոսը
DSC_9389
A A
Տնտեսություն Պաշտոնական

Գեղարքունիքում հիմնադրվել է հացահատիկի և հատիկաընդեղենի սերմերի զտման առաջատար կենտրոն

Հայաստանում ֆերմերների մոտ 70%-ը ցանքի համար օգտագործում է հացահատիկի ցածրորակ սերմեր, ինչը մեծապես ազդում է բերքի որակի և քանակի վրա: Հիմնական պատճառներից են գյուղական բնակավայրերում սերմերի զտման և ախտահանման կենտրոնների հասանելիության պակասը և որոշ ֆերմերների իրազեկվածության ոչ բավարար մակարդակը:

Գեղարքունիքում և հարևան մարզերում հացահատիկային և հատիկաընդեղենային մշակաբույսերի բերքատվության և բերքի որակի բարձրացման համար կայուն հնարավորություն է ընձեռում Վարդենիս համայնքում ս.թ. հունիսից գործող սերմերի զտման, ախտահանման և վերամշակման առաջատար կենտրոնը: Այն հիմնադրվել է Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության կողմից ֆինանսավորվող «Կայուն և ներառական աճ Հայաստանի լեռնային բնակավայրերում» (SIGMA) ծրագրի և ծրագրի գործընկեր «ԷդԱգրո» ՍՊԸ-ի համատեղ ներդրումների միջոցով:

Այս նախաձեռնությունն արտացոլում է Շվեյցարիայի ավելի լայն համագործակցության առաջնահերթությունները Հայաստանում, որոնք կենտրոնանում են ներառական տնտեսական զարգացման և կլիմայակայուն գյուղատնտեսության վրա մասնավորապես հեռավոր և լեռնային շրջաններում: Աջակցելով այս պետական-մասնավոր գործընկերությանը՝ SDC-ն խթանում է մասշտաբային և կայուն նորարարությունները գյուղական համայնքներում, որոնք բարելավում են շուկաների հասանելիությունը, մեծացնում տնային տնտեսությունների եկամուտները և ամրապնդում փոքր ֆերմերների դիմակայունությունը:

Կենտրոնը հնարավորություն է տալիս ֆերմերներին զտել, ախտահանել և առաջնային վերամշակման ենթարկել սեփական արտադրության հացահատիկային և հատիկաընդեղենային մշակաբույսերի սերմերը՝ հետագայում ցանքի համար օգտագործելու կամ շուկայում ավելի հեշտությամբ իրացնելու նպատակով: Ավելին, ցանկության դեպքում ֆերմերները հնարավորություն ունեն նաև ձեռք բերել ծրագրի գործընկերոջ կողմից արտադրված բարձրորակ սերմացու, ինչպես նաև ստանալ խորհրդատվություն սերմերի ընտրության, մշակաբույսերի պաշտպանության և մշակության առանձնահատկությունների վերաբերյալ:

Արտադրամասը հագեցված է անհրաժեշտ բոլոր սարքավորումներով և տեխնիկական միջոցներով: SIGMA ծրագրի աջակցությամբ այն համալրվել է սերմերի զտման համար նախատեսված եվրոպական արտադրության նորագույն սարքավորմամբ, որն ունի ժամում 2 տոննա արտադրողականություն:

 

«Մշակաբույսերի բարձրորակ սերմը որակյալ և առատ բերք ստանալու հիմնական նախապայմանն է: Այս համատեղ ներդրումային ենթածրագրի արդյունքում գյուղացիական տնտեսությունները հնարավորություն կունենան մուտք գործել շուկա առավել մրցունակ արտադրանքով և մեծացնել եկամուտները: Նախաձեռնությունը կրկնօրինակելի է Հայաստանի այլ համայնքների համար, և SIGMA-ն պատրաստ է ցուցաբերել փորձագիտական աջակցություն նմանատիպ ծրագրերի իրականացման համար», - նշում է SIGMA ծրագրի թիմի ղեկավար Կարեն Գևորգյանը:

Նախատեսվում է, որ մինչև 2027թ. կենտրոնի ծառայություններից պարբերաբար կօգտվեն շուրջ 200 գյուղացիական տնտեսություններ:

SIGMA ծրագրի նպատակն է նվազեցնել աղքատությունն ու անհավասարությունը Հայաստանի լեռնային բնակավայրերում`կիրառելով ներառական, նորարարական և շրջակա միջավայրը չվնասող մոտեցումներ: 12 մլն շվեյցարական ֆրանկ արժողությամբ (եթե SDC-ի ֆինանսական իրողությունը թույլ տա ժամանակի ընթացքում) այս ծրագիրն առաջնահերթ նպաստում է Շիրակի, Լոռու, Տավուշի և Գեղարքունիքի մարզերի լեռնային գյուղական

բնակավայրերի զարգացմանը: Ծրագրի տևողությունն է տասը տարի: Ծրագիրն իրականացվում է DAI Global միջազգային ընկերության հայաստանյան մասնաճյուղի և AMPERA խորհրդատվական կազմակերպության կողմից: