Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

Իսրայելը հարձակվել է Իրանի վրա, սպանվել է ԻՀՊԿ գլխավոր հրամանատարը

Այս գիշեր Իսրայելը հարձակում է սկսել Իրանի վրա: Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են Նաթանզի և Ֆորդոյի ուրանի հարստացման օբյեկտներին, Քերմանշահի և Խորամաբադի հրթիռային բազաներին, ինչպես նաև Թեհրանին, Սպահանին, Թավրիզին և Իրանի այլ խոշոր քաղաքներին:

Ինչպես հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն, իրենց նպատակակետը եղել է Իրանի զինված ուժերի և Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ղեկավարությունը, ինչպես նաև միջուկային ծրագրի վրա աշխատող գիտնականները: Հարվածներ են հասցվել նաև Ղոմին, որտեղ բնակվում են Իսլամական Հանրապետության հոգևոր ղեկավարության բազմաթիվ ներկայացուցիչներ:

Իրանական պետական ​​լրատվական IRNA գործակալությունը հաղորդում է, որ Իսրայելի հարվածների հետևանքով զոհվել են Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատար Հոսեյն Սալամին և ֆիզիկոս Մոհամմադ Մեհդի Թեհրանչին։
 
Թեհրանում հարձակման հետևանքով 5 խաղաղ բնակիչ է զոհվել, կա 20 վիրավոր։
 
Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին հայտարարել է, որ Իսրայելին կոշտ պատասխան է սպասվում։

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն ասել է, որ Իսրայելը «միակողմանի գործողություններ է ձեռնարկել Իրանի դեմ» և նշել, որ Միացյալ Նահանգները ներգրավված չէ։

Իսրայելից Վաշինգտոնին տեղեկացրել են, որ կարծում են՝ հարվածները անհրաժեշտ են իր ինքնապաշտպանության համար, նշել է Ռուբիոն Սպիտակ տան կողմից հրապարակված հայտարարության մեջ։

Միացյալ Նահանգները քայլեր է ձեռնարկել իր ուժերը պաշտպանելու համար և կապի մեջ է տարածաշրջանում իր գործընկերների հետ, ասել է Ռուբիոն։

Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը հայտարարել է Իսրայելում «հատուկ իրավիճակի» մասին՝ Իրանի կողմից հնարավոր պատասխան հարվածի կանխատեսմամբ։

«Իսրայելի պետության կողմից Իրանի դեմ կանխարգելիչ հարվածից հետո, մոտ ապագայում սպասվում է հրթիռային և անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) հարձակում Իսրայելի պետության և նրա քաղաքացիական բնակչության դեմ», - ասել է Կացը հայտարարության մեջ։