ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստ ․ ՈՒՂԻՂ (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին2024 թ. Արտաքին գործերի նախարարությունը շարունակել է ակտիվ մասնակցությունը ԵԱՏՄ շրջանակում իրականացվող նիստերի օրակարգերի նախապատրաստման, շրջանառվող փաստաթղթերի, նախագծերի մշակման, լրամշակման, համաձայնեցման աշխատանքներին: Անց է կացվել Եվրասիական միջկառավարական խորհրդի՝ 1, ԵՏՄ հանձնաժողովի խորհրդի՝ 4 նիստ: Հայաստանի համար կարեւոր նշանակություն ունի ԵԱՏՄ-ում մեր երկրի ներգրավվածության ապահովումը եւ արտաքին աշխարհի հետ ԵԱՏՄ համագործակցության աշխարհագրության հետագա ընդլայնումը: Այս մասին ասել է ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը՝ ՀՀ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների` հունիսի 5-ի համատեղ նիստում: Քննարկվել է «ՀՀ 2024 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվությունը:
ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը նշել է, որ 2024 թ. ՀՀ բյուջե է փոխանցվել 76 մլրդ 166 մլն դրամ մաքսատուրք, որը 879 մլն դրամով ավելին է, քան 2023 թվականին: Տարբեր ուղղություններով նախարարությունը շարունակել է համագործակցությունը ԵԱՏՄ անդամ երկրների հետ: Նշվել է, որ ծավալուն աշխատանք է իրականացվել մակրոտնտեսական քաղաքականության, հաշվապահական հաշվառման եւ աուդիտի գործունեության ուղղությամբ, տարբեր հարթակներում հայ մասնագետները մասնակցել են ոլորտին վերաբերող մի շարք աշխատանքային քննարկումների:
ՀՀ էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանը տեղեկացրել է, որ ԵԱՏՄ անդամակցության շրջանակում Հայաստանի տնտեսական զարգացման միտումները բավականին բարձր են: Տարվա ընթացքում արձանագրվել է մի շարք առանցքային ցուցանիշների նշանակալի բարելավում: 2024 թ. գրանցվել է ՀՆԱ-ի 5,95 տոկոս իրական աճ: Հայաստանը զգալի առաջընթաց է գրանցել նաեւ արտաքին տնտեսական հարաբերություններում: 2024թ. ապրանքների եւ ծառայությունների արտահանումը 2017 թվականի համեմատ աճել է ավելի քան 4,2 անգամ:
Ըստ վիճակագրական կոմիտեի տվյալների՝ ՀՀ առեւտրաշրջանառությունը ԵԱՏՄ երկրների հետ հաշվետու ժամանակաշրջանում կազմել է 12 մլրդ 706 մլն դոլար՝ նախորդ տարվա համեմատ աճելով 54 տոկոսով:
Զեկուցողները պատասխանել են պատգամավորների հարցերին՝ անդրադառնալով Հայաստան- ԵԱՏՄ անդամ մի շարք երկրների հետ հարաբերությունների, զբոսաշրջության, առեւտրաշրջանառության զարգացմանն ուղղված քայլերին, որոշ ուղղություններով ուղիղ թռիչքների ապահովմանը, արտահանման ընթացքում առաջացած խնդիրներին: