Բացել լրահոսը Փակել լրահոսը
Photo_684178d56970f
A A
Պաշտոնական

ՏՀԶԿ-ի գնահատմամբ՝ Հայաստանը «մեծամասամբ» համապատասխանում է հարկային թափանցիկության միջազգային ստանդարտներին

Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ)  հարկման նպատակով թափանցիկության և տեղեկությունների փոխանակման գլոբալ ֆորումի կողմից վերջերս հրապարակված փորձագիտական գնահատման հաշվետվության համաձայն, Հայաստանի Հանրապետության վարկանիշը «մեծամասամբ» համապատասխանում է ըստ հարցման տեղեկությունների փոխանակման և թափանցիկության միջազգային ստանդարտին։  

Հայաստանում հարկման նպատակով թափանցիկության և տեղեկությունների փոխանակման միջազգային ստանդարտների կիրարկմանն ընդառաջ՝ մի շարք միջոցառումներ և նախաձեռնություններ են իրականացվել։ Մասնավորապես, գործընթացի բարձր արդյունավետության ապահովման նպատակով ստեղծվել է աշխատանքային խումբ, որում ընդգրկված են ՀՀ ֆինանսների և արդարադատության նախարարությունների, ՀՀ Կենտրոնական բանկի և Պետական եկամուտների կոմիտեի աշխատակիցները։ ՊԵԿ-ում հստակեցվել և կանոնակարգվել են տեղեկությունների փոխանակմամբ զբաղվող ստորաբաժանումների գործառույթները։ Իրականացվել են նաև մի շարք օրենսդրական և ենթաօրենսդրական կարգավորումներ։ Կարևոր փոփոխություններից է, որ միջազգային հարցումն այլևս հիմք է հանդիսանում պարզեցված ընթացակարգով դատարանի որոշում ստանալ՝ բանկային գաղտնիք հանդիսացող տեղեկատվությունը հարկային մարմնին տրամադրելու նպատակով։ Տեղեկությունների փոխանակման և թափանցիկության միջազգային ստանդարտի ներդրման գործընթացի վերաբերյալ ՏՀԶԿ-ի կողմից ներկայացված առաջարկները լրացնելու և կարգավորումները լավարկելու նպատակով առաջիկայում ևս նախատեսվում են մի շարք օրենսդրական նախաձեռնություններ իրականացնել։

Նշենք, որ Հայաստանի Հանրապետությունը 2015 թվականից հան­դիսա­նում է ՏՀԶԿ հարկ­ման նպատակով թափանցիկության և տեղե­­­կու­թյունների փոխանակման Գլո­բալ ֆորումի անդամ: Գլոբալ ֆորումի հիմնա­կան նպատակն է անդա­­­մակցող 171 երկրներում ներդնել հարկման նպա­­տակով թափան­ցիկու­թյան և տեղեկությունների փոխանակման միջազգային ստան­դարտ­ներ, որոնք էականորեն նվա­զեց­­նում են հարկերից խուսափ­ելու ռիսկերը, նպաստում հարկային եկամուտների աճին։ Միաժամանակ, միջազգային կազմակերպությունների և ներդրողների համար ստանդարտի ներդրման վերաբերյալ գնահատականը հիմք է հանդիսանում, որպեսզի երկիրը համարվի հուսալի և թափանցիկ։ Փորձագիտական գնահատում անցած երկրներում տեղեկությունների փոխա­նակման կազմակերպումը և իրականացումն ընթանում են նույն մոտեցում­ներին համահունչ: Այսինքն, ինչ որ պահից սկսած, առնվազն աշխարհի 171 երկրներում ըստ հարցման տեղեկությունների փոխանակումը տեղի է ունենալու նույն սկզբունքներին համապատասխան։