
Թրամփը հայտնել է, որ հեռախոսազրույց է ունեցել Պուտինի հետ
Աջակցիր «Ա1+»-ինԱՄՆ և Ռուսաստանի նախագահներ Դոնալդ Թրամփը ու Վլադիմիր Պուտինը հունիսի 4-ին կայացած հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են ուկրաինական կարգավորման և իրանական միջուկային խնդրի հարցերը: Աս մասին հայտնել է ԱՄՆ ղեկավարը։ Կրեմլում հաստատել են զրույցի փաստը:
«Դա լավ խոսակցություն էր: Բայց այն զրույցը չէր, որը կհանգեցնի անհապաղ խաղաղության»,- գրել է Թրամփը Truth Social սոցիալական ցանցում՝ հավելելով, որ հեռախոսազրույցը տևել է 1 ժամ 15 րոպե:
Թրամփը նշել է, որ Պուտինն իրեն զգուշացրել է Ուկրաինական վերջին հարձակումներին պատասխանելու մտադրության մասին:
«Նախագահ Պուտինը շատ վճռականորեն ասել է, որ ստիպված կլինի պատասխանել օդանավակայանների վրա վերջերս իրականացված հարձակմանը»,- գրել է ԱՄՆ նախագահը:
Ըստ նրա, խոսվել է նաև հակամարտության կողմերի իրականացրած այլ հարվածների մասին:
Անդրադարձ է կատարվել նաև Իրանի միջուկային ծրագրին:
«Քննարկել ենք Իրանը և այն փաստը, որ միջուկային զենքի վերաբերյալ որոշում կայացնելու համար Իրանի ժամանակը սպառվում է: Որոշումը պետք է արագ կայացվի: Նախագահ Պուտինին հայտարարել եմ, որ Իրանը չի կարող տիրապետել միջուկային զենքի, և հավատացած եմ, որ համաձայն ենք դրան»,- հայտարարել է Թրամփը:
Նա նշել է, որ Պուտինը պատրաստակամություն է հայտնել մասնակցելու Իրանի միջուկային խնդրի վերաբերյալ քննարկումներին:
«Նախագահ Պուտինը նշել է, որ կարող է մասնակցել Իրանի հետ քննարկումներին և, հնարավոր է, դա օգնի արագ լուծել խնդիրը»,- հայտնել է ԱՄՆ նախագահը։