Բացել լրահոսը Փակել լրահոսը
_T018271
A A
Պաշտոնական

Կխթանվի ցեմենտի տեղական արտադրությունը

Գործադիրը հավանություն է տվել «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության օրենսդրական նախաձեռնությանը: Սույն օրենքի ընդունումը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության համար ռազմավարական նշանակություն ունեցող ապրանքի (ցեմենտ) ներքին շուկան և տեղական արտադրությունը պաշտպանելու, ինչպես նաև ներմուծվող ու տեղում արտադրվող ապրանքների համար հավասար մրցակցության դաշտ ապահովելու անհրաժեշտությամբ։ Օրենքի ընդունմամբ կխթանվի տեղական արտադրության զարգացումը, կապահովվի ներմուծման փոխարինում և հավասար մրցակցային պայմաններ:

 

Դպրոցների շենքային պայմանների և գույքային հագեցվածության բարելավման նպատակով հատկացվել է կապիտալ դրամաշնորհներ

 

Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ, նախատեսվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, Երևանի քաղաքապետարանի և մարզպետների աշխատակազմերի ենթակայությամբ գործող թվով 140 հանրակրթական դպրոցին հատկացնել կապիտալ դրամաշնորհներ 903,608.5 հազար դրամի չափով՝ վերջիններիս խնայողությունների հաշվին: Գումարն ուղղվելու է

դպրոցների շենքային պայմանների և գույքային հագեցվածության բարելավմանը: Որոշման ընդունմամբ կապիտալ ծախսերի կատարման համար ֆինանսական միջոցներ կհատկացվեն դպրոցներին՝ իրենց տնտեսումների հաշվին։

 

Հաստատվել է ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ, առկա ուսուցմամբ մագիստրոսի կրթական ծրագրով ընդունելության տեղերը

 

Գործադիրի որոշմամբ, հաստատվել է Հաստատել Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատությունների 2025/2026 ուսումնական տարվա` պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ, առկա ուսուցմամբ մագիստրոսի կրթական ծրագրով ընդունելության տեղերը: Այսպիսով, 2025/2026 ուսումնական տարվա` պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ, առկա ուսուցմամբ, մագիստրոսի ԿԾ-ով ընդունելությանը հատկացվել է 1271 տեղ, որից 1055-ը՝ պետական բարձրագույն ուսումնական հաստատություններին, պահուստային տեղերի քանակը 7-ն է, որն ըստ անհրաժեշտության կբաշխվի ընդունելության մրցույթի արդյունքում հավասար միջին որակական գնահատական (ՄՈԳ) հավաքած կամ ԲՏՃՄ մասնագիտություններով առավելագույն միավորներ ունեցող դիմորդներին: Պաշտպանության նախարարությանը հատկացվել է պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ 41 տեղ, որից 31 տեղը՝ Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանի «Միավորումների և զորամասերի կառավարում» մասնագիտությանը, և 10 տեղ՝ ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի «Պետական և ռազմական կառավարում» մասնագիտությանը: Այդ տեղերի ֆինանսավորումը կատարվում է Պաշտպանության նախարարության բյուջեի միջոցների հաշվին: Որոշման ընդունմամբ կապահովվի բարձրագույն կրթության շարունակականությունը և մագիստրոսի ԿԾ-ով բարձր որակավորմամբ կադրերի պատրաստումը: Այն կնպաստի պետության համար առաջնային ու կարևորություն ներկայացնող բնագավառների մասնագետների պատրաստմանը:

 

Միջազգային համագործակցություն

 

Գործադիրը հավանություն է տվել «Իրանի Իսլամական Հանրապետության, Օմանի Սուլթանության, Կատարի Պետության, Թուրքմենստանի և Ուզբեկստանի Հանրապետության կառավարությունների միջև միջազգային տրանսպորտային և տարանցիկ միջանցք ստեղծելու մասին» համաձայնագիրը և դրա անբաժանելի մասը կազմող «Իրանի Իսլամական Հանրապետության, Օմանի Սուլթանության, Կատարի Պետության, Թուրքմենստանի և Ուզբեկստանի Հանրապետության կառավարությունների միջև միջազգային տրանսպորտային և տարանցիկ միջանցք ստեղծելու մասին» համաձայնագրի (Աշգաբաթի համաձայնագիր) իրագործման վերաբերյալ փոխըմբռնման հուշագիրը վավերացնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի մասին Հայաստանի Հանրապետության կառավարության օրենսդրական նախաձեռնությանը:

 

Աշգաբաթի Համաձայնագրին միանալը կնպաստի անդամ պետությունների տարածքով բեռների և ուղևորների փոխադրման ու տարանցման հուսալի պայմանների ստեղծմանը, մուլտիմոդալ փոխադրումների դյուրացմանը, տրանսպորտային ծախսերի

օպտիմալացմանը, հանրապետության տարանցիկ դերի բարձրացմանը, տրանսպորտային փոխադրումների անվտանգության բարձրացմանը, անդամ պետությունների փոխադրող կազմակերպությունների համար հավասար պայմանների ստեղծմանը։ Աշգաբաթի Համաձայնագրին միանալը կապահովի տրանսպորտային միջանցքի միջոցով մուտքը միջազգային շուկաներ, միջազգային փոխադրումների համար անհրաժեշտ տարանցման փաստաթղթերի ներդաշնակեցմանը, մաքսային ընթացակարգերի դյուրացմանը, անդամ պետությունների տրանսպորտային ենթակառուցվածքներից ոչ խտրական սկզբունքով օգտվելուն։ Համաձայնագիրը հնարավորություն կտա կարգավորելու համաձայնագրի կողմ հանդիսացող երկրների միջև տրանսպորտի տարբեր տեսակներով լոգիստիկ փոխադրումների իրականացման գործընթացը, ինչպես նաև կնպաստի երկրների միջև փոխշահավետ տնտեսական և գործարար կապերի խթանմանը, համագործակցության ընդլայնմանը, Հայաստանի Հանրապետության տարանցիկ դերի բարձրացմանը: Համաձայնագիրը համահունչ է նաև «Խաղաղության խաչմերուկ» նախագծի հիմնական սկզբունքներին և կնպաստի տարածաշրջանում տրանսպորտային կապերի և տնտեսական համագործակցության խորացմանը։

 

Կառավարությունը նաև հավանություն է տվել 2024 թվականի դեկտեմբերի 26-ին Երևանում ստորագրված՝ «Հայաստանի Հանրապետության և Ճապոնիայի միջև եկամուտների կրկնակի հարկումը բացառելու և հարկումից խուսափելն ու շրջանցելը կանխելու մասին» կոնվենցիան վավերացնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության օրենսդրական նախաձեռնությանը: Որոշման ընդունումը պայմանավորված է «Հայաստանի Հանրապետության և Ճապոնիայի միջև եկամուտների կրկնակի հարկումը բացառելու և հարկումից խուսափելն ու շրջանցելը կանխելու մասին» կոնվենցիայի վավերացման անհրաժեշտությամբ: