
Կապահովվեն Օմանի Սուլթանությունում ՀՀ դեսպանության պահպանման ծախսերը
Աջակցիր «Ա1+»-ինԿառավարությունը չզեկուցվող հարցերի փաթեթով ընդունել է որոշում, որով կապահովվի Օմանի Սուլթանությունում ՀՀ դեսպանության, նստավայրը՝ Մասկատ, պահպանման ծախսերը: Գումարից հիմնական մասը կհատկացվի ԱԳՆ բյուջեից, իսկ մնացածը՝ Կառավարության պահուստային ֆոնդից։ Օմանի Սուլթանությունում Հայաստանի Հանրապետության դեսպանության բացումը կնպաստի Հայաստանի և Օմանի միջև առկա ջերմ քաղաքական երկխոսության, առևտրատնտեսական կապերի ամրապնդմանը, զբոսաշրջային հոսքերի, փոխադարձ առևտրաշրջանառության, այդ թվում՝ տարանցիկ ավելացմանը: Այն կնպաստի երկու երկրների քաղաքացիների և հասարակությունների միջև փոխճանաչելիության աճին, խթան կհանդիսանա Հայաստանի և Արևելյան Աֆրիկայի ու Հնդկական օվկիանոսի մի շարք երկրների միջև կապերի ամրապնդմանը՝ հիմք ընդունելով այդ երկրների և Օմանի միջև առկա պատմական և մշակութային կապերը:
Անդրադառնալով որոշմանը՝ վարչապետն ընդգծել է, որ այն կարևոր է արտաքին քաղաքականության ակտիվացման տեսակետից. «Մեր դեսպանատների ցանցն աշխարհում ընդլայնվում է, ինչը կարևոր է մեր բալանսավորված և բալանսավորման արտաքին քաղաքականության կիրառման տեսակետից»:
Արձագանքելով՝ Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հիշեցրել է, որ արդեն Կիպրոսում է բացվել դեսպանություն, իսկ առաջիկա 1-2 ամիսների ընթացքում կբացվի դեսպանություն Հունգարիայում՝ Բուդապեշտում:
Նիկոլ Փաշինյանը նշել է նաև, որ Հայաստանում օտարերկրյա դեսպանատների թիվն աճում է, ինչը նույնպես շատ կարևոր է երկրի միջազգային տեսանելիությունը մեծացնելու առումով: