Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի հայտարարությունը
Աջակցիր «Ա1+»-ինՀայտարարություն՝ Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի, 15.04.2025
Սիրելի՛ հայրենակիցներ,
Քանի որ Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը ապրիլի 4-ի հայտարարությամբ խոստացել էր ապրիլի 15-ին հայտարարել հաջորդ գործողությունների (այդ թվում՝ նոր հանրահավաքի օրը), և այս ընթացքում տեղի են ունեցել ինստիտուցիոնալ համախմբման գործընթացներ և ՀՀ կառավարության հետ բանակցություններ, այժմ տեղեկացնում ենք ձեզ հետևյալը՝
-
Այսօր ամփոփվել են ՀՀ կառավարության հետ բանակցությունները, որի արդյունքում կառավարությունը պատրաստակամություն է հայտնել կատարել հետևյալ քայլերը՝
-
Երկու ամսով (մինչև հունիսի 1-ը) 40,000 բնակվարձի աջակցություն տրամադրել բոլոր այն տեղահանված անձանց, որոնք մինչև ապրիլի 1-ը եղել են բնակվարձի աջակցության ծրագրի շահառու.
-
Ձևավորել փորձագիտական խմբեր՝ բովանդակային ու մանրամասն կերպով քննարկելու բնակվարձի աջակցության, բնակարանային և զբաղվածության ծրագրերը՝ առաջարկելու այդ ծրագրերի նշանակալի բարեփոխումներ: Կառավարության ներկայացուցիչներն ընդունել են, որ այդ ծրագրերը էական բարելավման կարիք ունեն՝ պատրաստակամություն հայտնելով համապատասխան վերանայումները կատարել փորձագիտական խմբերի առաջարկների հիման վրա.
-
Փորձագիտական խմբերը ձևավորել Խորհրդի ու կառավարության կողմից ազատ ու լիիրավ կերպով ներկայացված մասնագետներից.
-
Այս փուլում ոչ մի այլ ընդառաջ քայլ չի քննարկվում ՀՀ կառավարության կողմից, որոնք կարող են առնչվել Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի՝ մարտի 29-ին հրապարակված պահանջագրի մնացած 11 կետերի կատարմանը:
-
Կառավարությունն ակնկալում է Խորհրդից այդ ընթացքում հանել Ազատության հրապարակում տեղադրված շտաբ-վրանը և աշխատանքները տեղափոխել մասնագիտական դաշտ:
Կառավարության հետ բանակցությունների լրացուցիչ մանրամասների վերաբերյալ կարող եք տեղեկանալ դիտելով Խորհրդի ներկայացուցիչների այսօրվա ճեպազրույցը հետևյալ հղմամբ՝
Այժմ, հաշվի առնելով վերոգրյալ զարգացումները՝ Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը հայտարարում է՝
-
Մենք ցանկանում ենք կարևորագույն ու հրատապ հարցերի շուրջ սկսած հանրային քննարկումները շարունակել ավելի լայն ձևաչափով՝ լսելու ժողովրդի տարբեր շրջանակների կարծիքներն ու առաջարկները մեր հետագա որոշումների ու անելիքների շուրջ։
-
Ուստի, խնդրում ու հորդորում ենք բոլոր շահագրգիռ ու սրտացավ անձանց և կազմակերպությունների ներկայացուցիչներին առաջիկա օրերին ներկայացնել ձեր դիտարկումներն ու առաջարկները՝ թե՛ այցելելով Ազատության հրապարակի վրան և թե՛ գրելով Խորհրդի ֆեյսբուքյան էջին։
-
Բացի դրանից, Խորհրդի ներկայացուցիչները կկազմակերպեն հանրային հանդիպումներ տարբեր վայրերում՝ լսելու համար հատկապես արցախցիների կարծիքները և համատեղ քննարկելու մեր անելիքները:
-
Նման ձևաչափով քննարկումների արդյունքների ամփոփումից հետո՝ հաջորդ շաբաթվա ընթացքում Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը կհայտարարի միասնական որոշման ու հետագա անելիքների մասին:
-
Ինչպիսի որոշում էլ կայացնենք համաժողովրդական քննարկումների արդյունքում, մի բան ակնհայտ է, որ մենք շարունակելու ենք մեր իրավունքների պաշտպանության համար պայքարը՝ չբացառելով ՀՀ օրենսդրությամբ չարգելված որևէ միջոցի կիրառում որևէ պահի:
ՄԻԱՍԻՆ՝ ՀԱՆՈՒՆ ՄԵՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ