Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Պաշտոնական

ՊԵԿ-ը բացահայտել է շինանյութի առևտրի ոլորտում իրացման շրջանառության թերհայտարարագրման դեպք (տեսանյութ)

ՀՀ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունը տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի շրջանակում օրերս բացահայտել է շուրջ 800 միլիոն դրամի ստվերային շրջանառություն։

 

Մասնավորապես, ՊԵԿ հետաքննության և օպերատիվ-հետախուզության վարչության տարածքային թիվ 14-րդ բաժին օպերատիվ տվյալներ էին ստացվել այն մասին, որ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում գործող շինանյութի առևտրով զբաղվող անհատ ձեռնարկատերը վաճառված ապրանքների դիմաց վերցնում է կանխիկ գումար և չի տրամադրում ՀԴՄ կտրոն, փոխարենը տրամադրում է միայն ներքին հաշվառման փաստաթուղթ, ինչի արդյունքում խուսափում է առանձնապես խոշոր չափի հարկեր վճարելուց։

 

Ստացված օպերատիվ տվյալներն իրացնելու նպատակով ձեռնարկված համակողմանի և մեծածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում օպերատիվ տվյալները հաստատվել են, մասնավորապես, ձեռք են բերվել փաստական տվյալներ, որ 2023 թվականի հունվարից 1-ից մինչև 2025 թվականի հունվար ամսվա 31-ն ընկած ժամանակահատվածում Ա/Ձ-ի կողմից թաքցվել է շուրջ 800 միլիոն դրամի իրացման շրջանառություն։

 

Փաստական տվյալների հիմքով` կատարվել է պետությանը պատճառված վնասի նախնական հաշվարկ, ըստ որի` պետությանը պատճառվել է շուրջ 250 միլիոն ՀՀ դրամի վնաս:

 

Դեպքի առթիվ հաղորդում է ներկայացվել ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչություն, որտեղ նախաձեռնվել է քրեական վարույթ:

 

Հիշեցնենք, որ առկա իրավակարգավորումների համաձայն վաճառքից գանձված գումարների մուտքագրումը հսկիչ-դրամարկղային մեքենա պարտադիր է, ընդ որում, նշված պահանջի պարբերաբար չկատարումը կարող է վկայել նաև ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված հանցագործությունների մասին, ուստի ՊԵԿ-ը հորդորում է ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող անձանց ընդունել ի գիտություն օրենքի պահանջը և չկատարել ապօրինություններ։

 

 

 

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։