
A
A
Տասնյակ տարիներ շարունակ անազատ պայմաններում պահվող երեք գորշ արջ տեղափոխվել են Վայրի կենդանիների փրկարար կենտրոն
Աջակցիր «Ա1+»-ինՏասնյակ տարիներ շարունակ անազատ պայմաններում պահվող երեք գորշ արջ տեղափոխվել են Վայրի կենդանիների փրկարար կենտրոն, հայտնում են Շրջակա միջավայրի նախարարությունից։
Մի ամբողջ օրվա լարված ջանքերի արդյունքում Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) ՀՀ ՆԳՆ և մի շարք կառույցների հետ համատեղ կարողացավ փրկել Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի բնակելի տարածքում տասնյակ տարիներ շարունակ անազատ պայմաններում պահվող երեք գորշ արջի։
Առավոտյան ժամերից մինչև ուշ գիշեր FPWC թիմը, International Animal Rescue ներկայացուցիչները, ՇՄՆ աշխատակիցները, ոստիկանները, փրկարարները, կենդանասերները և լրագրողները հսկողություն էին իրականացնում Սվաճյան փողոցում։
Միայն դատարանի որոշմամբ ձեռք բերված թույլտվության և ժամեր տևած բանակցությունների արդյունքում թիմը կարողացավ մուտք գործել տարածք և գործի անցնել։ Սա ավարտին հասցրեց դեռևս 2019թ.-ից քաղաքացիների ահազանգերով սկիզբ առած պայքարը, որի նպատակն էր ազատել ինչպես արջերին, այնպես էլ վերացնել բնակելի թաղամասում մանկապարտեզներից և դպրոցներից ոչ հեռու գտնվող վտանգավոր իրավիճակը։
Նախնական զննությամբ պարզվել է, որ արու արջը չափազանց ճարպակալած է (250-300 կգ) և ատամների մեծ մասը կոտրված ու վնասված է։
Մյուս երկու առանձնյակներն էգեր են, որոնցից մեկը ծնվել է հենց այդ նույն նեղ ու կեղտոտ վանդակում, որտեղ էլ ապրել է ողջ կյանքում։
Այժմ արջերը տեղափոխվել են Վայրի կենդանիների փրկարար կենտրոն (WRC), որտեղ կստանան մասնագիտական խնամք և բուժօգնություն։ Արու առանձնյակի համար պլանավորվում է հատուկ ատամնաբուժական վիրահատություն՝ նրան ցավերից ազատելու և ուտելու կարողությունը հնարավորինս վերականգնելու նպատակով։